Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործներ երեկ կրկին փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը: Գյուղացիներն այս կերպ փորձում էին արտահայտել իրենց դժգոհությունը` նշելով, որ խաղողի մթերման գործընթացը սխալ է կազմակերպվում, ինչի արդյունքում իրենք հայտնվել են անելանելի իրավիճակում:

Նկատենք, սակայն, որ միայն խաղողագործները չէ որ հայտնվել են փաստի առաջ: Մթերող ընկերությունների վիճակը նույնպես նախանձելի չէ: Ընկերությունները փորձում են անել հնարավորը, ժամանակին իրացնել բերքը, որպեսզի այն չփչանա, սակայն այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս. գործարանների պահեստներում այլևս տեղ չկա, գյուղացիների մի մասն էլ չի ուզում պայմանագիր կնքել և խաղողը վաճառել նախօրոք պայմանավորված գնից ցածր, ինչը բերքի նման առատության պայմաններում իրատեսական չէ:

Բացի այդ կրճատվել են նաև գինու և կոնյակի արտահանման ծավալները ռուսական շուկա, որն ավելի շատ պայմանավորված է ոչ թե պակաս վաճառքով, այլ տարադրամի տատանումներով (ՀՀ-ն վաճառքն իրականացնում է դոլարով, իսկ ՌԴ-ն` ռուբլով), ինչն էլ խնդիրներ է առաջացնում շուկայում ու բացասաբար անդրադառնում արտահանող ընկերությունների վրա:

Սակայն հարկ է փաստել, որ ստեղծված իրավիճակում արտահանման ծավալները չեն նվազել: Ներկայումս ՀՀ-ից արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այդ թվում` 5699 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4481 տոննայի դիմաց։ Խաղողը հիմնականում արտահանվել է ՌԴ, Վրաստան, Ղազախստան և Բելառուս։

Նկատենք, որ այս տարի խաղողի բերքն աննախադեպ առատ է: Բոլոր նրանք, ովքեր նախօրոք պայմանագիր են կնքել մթերող ընկերությունների հետ, նրանց բերքը մթերվել է, հիմա արդեն անհատական պայմանագրեր են կնքվում` փորձելով ընդառաջել խաղողագործներին: 
Նշվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ Արարատի մարզի Արևշատ համայնքը: Գյուղապետի, խեսքով գյուղում չնչին քանակությամբ խաղող է մնացել` հիմնական մասը մթերվել է որոշ գործարարների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել