Որոշ, թվով 4 երեւանցիների համար ստեղծագործելու ավելի նորմալ պայմաններ ապահովելու` Երեւանի քաղաքապետարանի ցանկություն-որոշման համապատկերում, հիշեցի ամերիկյան “Երրորդ անձը” բավականին հին ֆիլմը: Այն, անշուշտ, հիմա չեմ պատմի, պարզապես ֆիլմում մի դրվագ կա, որը երբեք չեմ մոռանա: Նախ, դեպքերը հիմնականում տեղի են ունենում հետպատերազմյան` դաշնակիցների կողմից օկուպացված Վիեննայում, որտեղ համատարած թալան է, կոռուպցիա, եւ իր տարերքի մեջ է այսպես կոչված “սեւ շուկա”-ն: Գլխավոր հերոսը` ամերիկացի Հարրին գալիս է Վիեննա եւ տեղի մանկական հիվանդանոցներից մեկին սկսում մատակարարել կասկածելի բաղադրությամբ եւ պիտանելիության ժամկետով պինիցիլին: Բայց սա չէ կարեւորը, այլ այն, որ Հարրիի մանկության ընկերը` Հոլլին, գալիս է Վիեննա, որպեսզի գտնի իր ընկերոջը եւ “անհանգիստ ու համատարած թալանի մեջ խրված Վիեննայից իր հետ տանի` հանգիստ եւ բարգավաճող Ամերիկա”: Ընկերներն իրար գտնում են եւ նրանց առաջին ու վերջին զրույցը տեղի է ունենում Վիեննայի` “Սատանայի անիվ” կոչվող կարուսելի մոտ: Հոլլին թվարկում է այն բոլոր պատճառները, խելամիտ պատճառները, թե ինչու իրենք երկուսով պետք է վերադառնան Ամերիկա, դե, որ այնտեղ կյանքը հանգիստ է, երկիրը զարգանում է, պատերազմ եւ դրա վտանգ առհասարակ չկա եւ կա, ուշադրություն` “ստեղծագործելու համար նորմալ պայմաններ”: Հարրին պատասխանում է. “Գիտես Հոլլի, Իտալիայում, երբ իշխում էր Մորջիա ընտանիքը, եւ երբ այդ երկիրը խիստ անհանգիստ եւ կոռումպացված ժամանակաշրջան էր ապրում, ոչ թե նորմալ, այլ հանճարեղ ստեղծագործում էին Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին…մարդիկ Վերածնունդ ունեցան: Իսկ այ խաղաղ եւ զարգացած, կայուն Շվեյցարիայում, որտեղ ոչինչ չի փոխվում` տասնամյակներով, քանի որ ամեն բան լավ է, 500 տարվա մեջ ի՞նչ են ստեղծել, կկուով ժամացո՞ւյց. Ցտեսություն Հոլլի”: Հարրին եւ Հոլլին էլ երբեք չեն հանդիպում, քանի որ առաջինը մնում է` թալանվող Վիեննայում, երկրորդը` վերադառնում է բարգավաճող Ամերիկա: Ի՞նչ է ուրեմն ստացվում. ստեղծագործելու համար նորմալ պայմանները ոչ թե խաղաղությունը, կայունությունը, բարգավաճումն են, այլ ճիշտ հակառակը, որքան վատ է ապրում մարդը, այնքան լավն են նրա ստեղծագործությունները: Օրինակ ԽՍՀՄ-ում, ո՞վ էր լավ ապրում, իսկ ո՞վ էր վատ ստեղծագործում: Իսկ դուք լսե՞լ եք երբեւէ որեւէ հանրահռչակ նորվեգացի նկարչի , կամ դանիացի գրողի մասին: Հա, Հանս Քրիստիան Անդերսենը դանիացի է, բայց դուք գիտե՞ք, թե ի՞նչ պայմաններում է նա ապրել. լինելով աղքատ կոշկակարի եւ լվացարարուհի որդի, պատանի Հանսը ստիպված է եղել մուրացկանություն անել, զուգահեռաբար` պարբերաբար դաժան ծեծի է ենթարկվել հոր կողմից: Հասուն տարիքում Անդերսենի սոցիալական վիճակն ամենեւին էլ չի բարելավվել, եւ նա…թաղվել է աղքատների գերեզմանոցում: Կարո՞ղ ենք ուրեմն մենք պնդել, որ Անդերսենի համար հայրենի Օդենսեի քաղաքապետարանը ժամանակին չի ապահովել “ստեղծագործելու համար նորմալ պայմաններ”, իհարկե կարող ենք, բայց կարո՞ղ ենք նաեւ պնդել, որ արդյունքում Անդերսենի ստեղծագործությունները նորմալ չեն, իհարկե կարող ենք, քանի որ դրանք` հանճարեղ են:
Այնպես որ, ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեն 4 երեւանցիները իրենց նոր բնակարաններում, բայց կարող եմ ասել, թե ինչ կլիներ, եթե նրանց ոչ թե մեկական, այլ` բոլորին մի բնակարան նվիրեին: Վահրամ Սահակյանը նոր պիես կգրեր, Դավիթ Ամալյանը երգեր կգրեր` այդ պիեսի համար, Բերջ Քարազյանը` կերգեր, իսկ Զառա Արամյանը այս բոլորի համար համով տոլմա կփաթաթեր, պարբերաբար հարցնելով Բերջ Քարազյանին, թե ինչո՞ւ են հենց աշնանը տերեւները թափվում…:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել