ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք հարցերից երկուսը օդային հաղորդակցության ոլորտից է և կարգավորելու է Հայաստանի և Բուլղարիայի, Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների այդ ասպարեզի հարաբերությունները:

Այժմ Հայաստանի և Բուլղարիայի միջև գործում է դեռևս 1995 թվականին ստորագրված և 1996- ին ուժի մեջ մտած օդային հաղորդակցության համաձայնագիրը: Սրա մի շարք դրույթներ հակասում են 2014թ. հոկտեմբերից ՀՀ կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությանը, մասնավորապես` համաձայնագրի տեքստում կան ավիաընկերությունների առևտրային գործունեությունը խոչընդոտող հոդվածներ, որոնք թույլ են տալիս պետությունների միջամտությունը ավիաընկերությունների կողմից առաջարկվող տարողության, հաճախականության և սակագների հաստատման մասով, համաձայնագրի հավելվածում կան սպասարկվող ուղղությունների սահմանափակումներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը սույն հարցերն օրակարգ է մտցրել, քննարկելով բուլղարական կողմից ստացված համաձայնագրի նոր նախագիծը, լրամշակել է այն համապատասխան նոր քաղաքականության և 2009թ. ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցության որոշակի ասպեկտների մասին» համաձայնագրի դրույթների:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցության համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների կանոնավոր օդային հաղորդակցության ոլորտի հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը և ոլորտի ազատականացմանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համաձայնագրի կնքումը նպատակահարմար է համարում:

Վերանայման կարիք ունի նաև «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների` միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» 2012թ. նոյեմբերի 20- ի համաձայնագիրը, քանի որ դրանից հետո` 2013թ. հոկտեմբերին, Հայաստանն անցել է «Բաց երկնքի» քաղաքականությանը: ՈՒստի համաձայնագրում կան ավիաընկերությունների առևտրային գործունեությունը խոչընդոտող մի շարք դրույթներ, որոնք վերանայված տարբերակից հանվել են:
Ըստ ՀՀ ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացության կառավարության որոշման նախագծերն համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը: Նախագծերի վերաբերյալ սկզբունքային դիտողություն և առաջարկություն չունի ՀՀ նախագահի աշխատակազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել