Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով չի մասնակցել հոկտեմբերի 9-ին ԱԺ–ում սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման նախագծի քվեարկությանը, Tert.am-ի և A1plus-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք դուրս գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, պատասխանեց, որ եթե դա ներկայացվում է որպես իր որոշում, ապա ինքը նման որոշում այս պահին չունի:

Իսկ թե  ինչպես է մեկնաբանում այն հայտարարությունները, որ պատրաստվում են հեռացնել կուսակցությունից և միջազգային կառույցների պատվիրակությունների կազմից, պատասխանեց. «Ես անկեղծ ասած այդ որոշմանը տեղեկացել եմ մամուլից, և ինձ համար առավելագույնը զարմանալի էր և իմ կարծիքով ոչ ճիշտ մշակույթ է, որ իմ անձի հետ կապված հարցը քննարկվում է իմ բացակայությամբ, առանց ինձ տեղյակ պահելու, որ այդպիսի հարց է քննարկվում: Ես այդ որոշման մասին տեղեկացել եմ սոցիալական կայքերի միջոցով»:

ԲՀԿ պատգամավորը նշեց, թե ինչ վերաբերում է միջազգային կառույցներում պատվիրակություններից հետ կանչելու խնդրին, ապա ինքը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ  միջազգային կառույցում ինքը ներկայացնում է ՀՀ շահերը և ոչ թե որևէ կուսակցության:

«Եվ եթե իմ գործընկներից որևէ մեկը կլինի, որ ինձ կփոխարինի և միջազգային այդ կառույցում ՀՀ-ն կներկայացնի ավելի լավ, ես պարզապես ուրախ կլինեմ»,- ասաց նա:

Իսկ թե ափսոսում է, որ կուսակցությունը նման որոշում է կայացրել, նշեց, որ ժամանակից առաջ չի ընկնի և որևէ էմոցիոնալ դատողություն այս պահին չի անի:

Իսկ թե փորձել է հանդիպել խոսել կուսակիցների հետ, թե ինչու է նման որոշում կայացվել, պատասխանեց. «Իմ կարծիքով և քաղաքական մշակույթից ելնելով և էթիկայի կանոններից ելնելով անձի վերաբերյալ հարցը քննարկվում է տվյալ անձի ներկայությամբ և այստեղ պարզապես ևս մեկ անգամ ֆիքսեմ, որ ոչ ճիշտ մշակույթ է»,- ասաց նա:

Հարցին, թե ինքը հաստատում է, որ նման որոշումը կապված է սահմանադրական բարեփոխումների հարցում նրա դիրքորոշման հետ՝ պատասխանեց,  թե այդ հարցի վերաբերյալ մեկնաբանությունն ինքը չէ, որ պետք է տա:

Պատգամավորը ևս մեկ անգամ հաստատեց, թե այդ հարցում իր և կուսակցության տեսակետը տարբեր է, ինքը շարունակում է դեմ լինել սահմանադրական փոփոխություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել