Tert.am-ը գրում է.

Այսօր ԱԺ հերթական նիստին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ դրամավարկային քաղաքականությունը և հարկաբյուջետային քաղաքականությունը, որպես երկու առանցքային մոտեցում, նույն նպատակն ունեն:

Նա հարց բարձրացրեց, թե ինչ ուղղություններով է գնացել արտաքին պարտքը և անդրադառնալով կառավարության և Կենտրոնական բանկի գործունեությանը՝ ասաց. «Ես երկրում ստեղծված ֆինանսատնտեսական բացասական վիճակի մեղավոր ճանաչում եմ երկու կառույցին էլ, որովհետև կոորդինացիոն քաղաքականություն չկա»։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ չկա որևէ երկիր, որտեղ քաղաքական կամ պետական գործչի գործը ազդեցություն չունենա ֆինանսական շուկայի վրա:

«Մենք, չգիտեմ ինչի, մտածում ենք, թե մեզ մոտ այդպես է»,-ասաց նա և նշեց, որ Կենտրոնական բանկը չի առաջարկում ոչ մի մոդել, որը հնարավորություն կտա գործիչներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնել:

Նա նկատեց, որ տարբեր տեղերից, նաև ԱԺ ամբիոնից, չհիմնավորված հայտարարություններ էին հնչում, որի հետևանքը եղավ ֆինանսական շուկայում աժիոտաժը, իսկ ԿԲ-ի հայտարարություններն այլևս ազդեցություն չէին ունենում։

«Դուք որևէ մոդել չեք առաջարկում, թե ինչպես այս հարցերը լուծել: Բազմիցս ասել եմ, որ Կենտրոնական բանկը իրականացնում է ֆինանսական ողջ շուկայի կարգավորումը, բայց ԿԲ-ն պետք է հրաժարվի մակրոպոտենցյալ կամ միկրոպրոտենցյալ կարգավորումից: Մենք պետք է և պարտավոր ենք համատեղ լուծումներ գտնել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել