ԱԺ հաստատմանը ներկայացված 2016թ. բյուջեի նախագիծը նախատեսում է եկամուտների նվազում: Այսքանից հետո, թվում է թե պետք է կառավարությունը ստիպված լիներ անցնել խնայողական ռեժիմի: Սակայն, բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը վկայում են, որ կառավարությունը մտադիր չէ նման բան անել: Ընդհակառակն, աճում են պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը: Մասնավորապես նախատեսվում է համալրել պետական պաշտոնյաներին սպասարկող մեքենաների պարկը:
Ինչքան ասես <<Ճ>> կլասի պաշտոնյա կա, հասնող-չհասնող ծառայողական մեքենա ունի, էլ չեմ ասում ուռճացված հաստիքների մասին…Ի վերջո մեկընդմիշտ կանոնակարգել է պետք այս հարցը և կտրուկ նվազեցնել ծառայողական ավտոմեքենաներից օգտվող պաշտոնյաների թիվը, ընդօրինակել միջազգային փորձը:
Մեքենաների ձեռք բերում` ընդ որում մշտապես արագ փոփոխվող և ամենաթանկը, ավտոպահեստամասեր, սպասարկում, վառելիք…Ահավոր մեծ ծախսեր են սրանք…
Ավելի լավ, առիթ է վերանայել հաստիքակազմը, նրանց իրական հիմնավորվածությունը, կրճատել մեքենաներից օգտվող պաշտոնյաների ցանկը: Ոչինչ չի լինի նրանց հետ, թող ոտքով քայլեն, առողջ կլինեն, թող տեսնեն մայթերի թռվռացող սալիկները, ճանապարհների, բակերի քարուքանդ, կեղտոտ հատվածները, օգտվեն մետրոյից, երթուղային տաքսիներից, ծանոթանան հասարակական տրանսպորտի աշխատանքին, շնչեն այդ տրանսպորտային միջոցների գերխիտ ուղևորների քրտնքի ու տարատեսակ օծանելիքների բույրը, լսեն հայկական ռաբիսի գլուխգործոցները, տեսնեն քարուքանդ ավտոմեքենաները և մնացյալ այլ բարեմասնությունները, ու փորձեն ի պաշտոնե կարգավորել…
Թե չէ սովորել են իրենց ծառայողական ավտոմեքենայի պատուհանի գունավոր ապակիներով նայել կյանքին, կտրվել իրականությունից ու պատկերացնել, թե ապրում են դրախտավայրում և ոչ թե Բուրատինոյի հայտնի դաշտավայրում…
Բավականին միջոցներ կխնայվեն, որը կարելի է ուղղել սոցիալապես անապահովներին ու սահմանամերձ գյուղերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել