Կառավարության առաջիկա` հոկտեմբերի 8- ի նիստի օրակարգում է Եվրասիական տնտեսական միության / ԵԱՏՄ/ դատարանում ՀՀ անունից հանդես գալու համար գործադիր իշխանության լիազոր մարմին ճանաչելու հարցը: Հարկ է նկատել, որ ՀՀ օրենսդրությամբ մինչև օրս սահմանված չէ ՀՀ անունից ԵԱՏՄ դատարանում վեճերի քննության, ինչպես նաև 2014թ. մայիսի 29- ի «ԵԱՏՄ-ի մասին» պայմանագրի դրույթների, ԵԱՏՄ շրջանակում կնքվող միջազգային պայմանագրերի և ԵԱՏՄ մարմինների որոշումների մեկնաբանման հետ կապված հարցերի լիազոր մարմինը, ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական տնտեսական միության դատարանի միջև կանոնակարգված հարաբերությունների հաստատման առումով:

Հաշվի առնելով առկա խնդիրները, առաջարկվում է ԵԱՏՄ դատարանում ՀՀ անունից հանդես գալու համար գործադիր իշխանության լիազորված մարմին ճանաչել ՀՀ արդարադատության նախարարությունը, ինչը հնարավորություն կտա գործնականում ապահովել Պայմանագրի 2- րդ հավելվածի 49- րդ կետով նախատեսված դրույթի կենսագործումը և դատարանի գործունեության ընթացքում ապահովել արդյունավետ համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ:

Որոշման նախագծի 2- րդ կետով սահմանվում է, որ Եվրասիական տնտեսական դատարան դիմումի պատրաստմանը ներգրավվում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարարությունը, ինչպես նաև հանրապետական գործադիր այն մարմինները, որոնք իրականացնում են պետական քաղաքականությունը համապատասխան ոլորտում /հաշվի առնելով ԵԱՏՄ պայմանագրով կարգավորվող իրավահարաբերությունների ոլորտները:

Կառավարությունն ակնկալում է, որ ԵԱՏՄ դատարանում ՀՀ անունից հանդես գալու համար գործադիր իշխանության լիազորված մարմին ճանաչելու արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կստանա ապահովել արդյունավետ մասնակցություն ԵԱՏՄ դատարանում ընթացող դատական գործընթացներին: Կառավարության որոշման նախագծի 3- րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է ԵԱՏՄ դատարան ծանուցել, որ ՀՀ լիազորված մարմին է ճանաչվում ՀՀ արդարադատության նախարարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել