ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է նայում

Խորհրդարանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը սկսել է լայնորեն քննարկվել հասարակական և քաղաքական դաշտում:
104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխություների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը: 
Նշենք, որ մամուլում լայնորեն քննարկվեց ընդդիմադիր ուժերի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, սակայն նախագծի քվեարկության ժամանակ աչքի ընկավ ու քննարկումների տեղիք տվեց հատկապս ԲՀԿ խմբակցությունը: Խմբակցության անդամներից Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը խորհրդարան չէին ներկայացել ընդհանրապես: Իսկ ԲՀԿ պատգամավոր Հայկ Խաչատրյանը «բուժման» նպատակով գտնվում էր ԱՄՆ-ում, ուստի նա նույպես չէր մասնակցում քվեարկությանը:
Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը չներկայանալով ԱԺ, գերադասել էին նախագծի վերաբերյալ իրեց կարծիքն արտահայտել սոցիալական ցանցերի միջոցով` նշելով, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել ու իրենք նախկինի պես «դեմ» են սահմանադրական փոփոխություններին: Ինչն էլ հակասական տեսակետներ էր առաջացրել դաշտում: 
Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ ընտրության, այդ թվում կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու իրավունք: Սակայն նկատենք, որ այս դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է: Չպետք է մոռանալ, որ սա քաղաքական հարթակ է, հետևաբար, քաղաքական գործիչներն իրենց հայացքները պետք է արտահայտեն ու գործունեություն ծավալեն համապատասխան դաշտում: 
Իրադարձությունների նման ընթացքը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ում ակտիվ խմորումներ են տեղի ունենում, ինչն այլևս հնարավոր չէ պահել խմբակցության ներսում: Ակնհայտ է, որ պատգամավորները տարբեր ամենակարևոր հարցերում խիստ տարբեր դիրքորոշումներ ունեն: Անհասկանալի է ի՞նչ իմաստ ունի մնալ մի խմբակցության կազմում և չկիսել նրա քաղաքական հայացքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել