Tert.am-ը գրում է.

ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանում տնտեսական աճը տարեցտարի նվազման միտում ունի, պատասխանեց, թե դա պայմանավորված է առկա միտումներով և սպասվող գործոններով:

«Մակրոտնտեսական գնահատականը, այդ թվում՝ ՀՆԱ-ի կանխատեսումները, պայմանավորված են առկա միտումներով և սպասվող գործոններով, ինչպես ներքին տնտեսական կյանքում, այնպես էլ արտաքին կյանքում: Այսինքն՝ որևէ միտում չկա և դրա տակ  ինչ-որ թվեր չեն դրվում, դա հաշվարկների արդյունք է»,- ասաց նա՝ հավելով, որ աշխարհաքաղաքական զարգացումները ևս պետք է հաշվի առնել՝ ճգնաժամեր և այլն: «Միտումներից զատ, կարող են լինել որոշ գործոններ, որոնք այսօր անհնար է գնահատել»,-ասաց նա:

Նշենք, որ Կառավարությունը ներկայացնելով 2016թ-ի պետական բյուջեի նախագծով՝ ըստ  մակրոտնտեսական կանխատեսումների՝ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%: Նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2013 թ.–ին կազմել է 3,2%, 2014 թ.-ին 3,4%, 2015թ-ին կանխատեսվում էր 4,1 տոկոսից, որից սակայն կապահովվի 3,5%:


Փոխնախարարի խոսքով՝ բյուջեին հաշվարկելիս պետք է հաշվի առնել երկու հանգամանք, թե որքան է այն իրատեսական, և ինչքանով է այն համապատասխանում ցանկություններին:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշում, թե նշված պատճառաբանությունը, թե աշխարհում տնտեսական ճգնաժամ է, տեղին չէ և   աշխարհում տնտեսությունը զարգանում է, Պավել Սաֆարյանը պատասախանեց, թե, ենթատեքստը այլ էր և շեշտադրումը վերաբերում էր դրամավարկային քաղաքականությանը, որով զբաղվում է Կենտրոնական բանկը:

«Գոյություն  ունի հարկաբյուջետային քաղաքականություն և դրամաբյուջետային քաղաքականություն, հարկաբյուջետային  քաղաքականության վերաբերյալ հարցադրումներում ասացին, որ կարևորը ներդաշնակություն լինի հարկաբյուջետայինի և դրամավարկայինի միջև: Իսկ Բագրատյանը միայն դրամավարկային քաղաքականությանն էր վերաբերում, որն իրականացնում է ԿԲ-ի կողմից»,-ասաց Սաֆարյանը:

Հարցին, թե այսինքն՝ այդքան էլ ներդաշնակ քաղաքականություն չի տարվում, եթե նման խնդիրների մասին են բարձրաձայնվում, փոխնախարարը պատասխանեց, թե իհարկե իդեալական չէ: «Կան որոշակի խնդիրներ, և ես կարծում եմ, որ քննարկումների ժամանակ կբարձրացվեն պատգամավորների կողմից, կճշգրտվեն և, իհարկե, լուծումներ կստանան: Այնպես չէ, որ իդեալական է 100 տոկոսանոց ներդաշնակություն կա»,- ասաց նա:

Հարցին, որ եթե այս տարի տնտեսական աճը ի հաշիվ գյուղատնտեսության ոլորտի էր, ինչի՞ հաշվին է նախատեսում ապահովել 2016թ-ին 2,2% աճը, Պավել Սաֆարյանն ասաց, թե միայն գյուղատնտեսության ոլորտի հաշվին չէ, որ այս տարի կապահովվի 3,5 տոկոս, նաև  հանքարդյունաբերության ոլորտն է այս տարվա աճն ապահովում։

«Արդյունաբերության ոլորտի աճը, ճիշտ է չափը չապահովվեց, բայց էլի աճ ունենք, և նրա մեջ մի շարք ենթաճյուղեր: Հաջորդ տարվա 2,2%-ը նույնպես կատարվելու է: Իհարկե, գյուղատնտեսության ոլորտն այդքան մեծ աճ չի կարող դրված լինել, մյուս տարի չի կարող, որովհետև աճը աճի վրա ենք համեմատում, հիմա եթե այս տարի ավելի է, մյուս տարի չի կարող այդքան մեծ առավելություն ունենալ: Ավելի շատ վերամշակող ճյուղերի վրա շեշտադրում կլինի: Կոնկրետ մասնագետները, որ այդ հաշվարկներն արել են, ես այնպես չէ, որ բոլոր հաշվարկների պատասխանը կարող եմ տալ... կգան մասնագետները, և ես մանրամասն կբացատրեմ, որ ճյուղը ինչ կշիռ են ունեցել 2.2 տոկոսի վրա»,- ասաց նա:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել