Tert.am-ը գրում է.

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակում ընդգրկված բոլոր երգերն ունեն հայկական ծագում, պատկանում են հայ ազգին, ստեղծվել են հայ տաղանդավոր վարպետների կողմից: Tert.am-ի հետ զրույցում նախագիծը ներկայացրեց կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը։

-«Հայկական ազգային երաժշտական գանձարան»  նախագիծն արդեն մի քանի ամիս է, ինչ ակտիվորեն հեղեղել է մշակութային լրատվական դաշտն իր գործունեությամբ, կներկայացնե՞ք նախագծի հիմնական նպատակը:

-«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտության ինքնությունը՝ պահպանելով և փոխանցելով այն սերնդեսերունդ: Այս բազմաժանր երգերում արտացոլված են հայի ավանդական կենցաղն ու բարոյական չափանիշները, ծեսն ու տոնը, ուրախությունն ու տխրությունը, մեր երկիրն ու բնությունը, աշխատանքի ու սիրո փառաբանությունը, ազատատենչ ոգին, իմաստությունն ու հավատքը: Նախագծի շրջանակում ընդգրկվել են տարբեր դարերի հեղինակների գլուխգործոցներ, սակայն հոգևոր երգերի մեծ մասը չեն ներառվել ծրագրում, քանի որ  դրանք գրված են եղել խազերով,  որոնք դեռևս անընթեռնելի են: «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակում ընդգրկված բոլոր երգերն ունեն հայկական ծագում, պատկանում են հայ ազգին, ստեղծվել են հայ տաղանդավոր վարպետների կողմից: Նախագծի հեղինակի նպատակն է ստեղծել համաշխարհային մի ձայնադարան, որում ընդգրկված կլինեն հայկական ազգային և հոգևոր երաժշտության գոհարները, որոնք կփոխանցվեն սերունդներին:

-Նախագծի  շրջանակներում ովքե՞ր են մեր հարուստ ժառանգության՝ երգերի կատարողները:

-Նախագիծը  խնդիր  ունի  ստեղծել  հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ոսկե ֆոնդի նոր՝ ժամանակակից ձայնադարան: Երգերի կատարողներին ընտրելու նպատակով կազմակերպեցինք լսումներ: Մրցույթին մասնակցեցին  շուրջ   120 ձայներ հանրապետության տարբեր ծայրերից և բավականին  դժվար  էր ընտրություն կատարելը: Ընտրվեցին  40 կատարողներ, և  սկսեցինք նրանց հետ աշխատել: Երգերը սովորեցնելուց հետո սկսվեց ձայնագրության աշխատանքները:

-Երբ ասում ենք ազգային երաժշտություն, մշակութային ժառանգություն, անմիջապես պատկերացնում ենք Կոմիտասին. Գիտենք, որ  իրականացրել եք Վարդապետի  ծրագիրը:

-Բնականաբար, առանց Կոմիտաս այս ամենը հնարավոր չէ  պատկերացնել: Մենք Կոմիտասի գործը ուղղակի ներկայացնելու  ենք  նոր աշխարհում, նոր տեխնիկայով և նոր հնարավորություններով: Վարդապետը  հաստատ  կերազեր  այս ամենի մասին: Կոմիտասն էր, որ  փրկեց  ու  երգարվեստը  վերադարձրեց  ժողովրդին: Մենք էլ հիմա  փորձում  ենք  Կոմիտասին վերադարձնել ժողովրդին: Այո, Կոմիտաս Վարդապետի ծրագիրն  իրականացվում  է: 100 տարի անց առաջին անգամ լույս է տեսել այն երգերի ժողովածուն, որոնց սոսկ տեքստերն էին մեզ ծանոթ Կոմիտասի կազմած «Հազար ու մի խաղ» 100 երգերի ընտրանուց: Այս փուլում 100 ընտրված տեքստեր ունեցան իրենց երաժշտությունները, որոնց կցվել են նաև նոտաները և ժողովածուի տեսքով հրատարակվել: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվեն հայ հոգևոր երաժշտական մատյանները՝ «Շարակնոցը», «Ժամագիրքը»: Այս փուլում կվերահրատարակվի նաև Մակար Եկմալյանի Պատարագը: Արդեն հրատարակված նոտաներին կկցվի նաև երգի բառերի օտար լեզվով թարգմանությունը:

- Բացի Կոմիտասին իր ժողովրդին վերադարձնելուց,  «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի օգնությամբ կատարվեց նաև Կոմիտասի երազանքը՝ ստեղծվեց արական միաձայն երգչախումբ.Կպատմե՞ք «Զարկ» արական երգչախմբի մասին:

-Այո, Կոմիտասի  երազանքներից  մեկն էր՝  ունենալ  տղամարդկանցից  բաղկացած  միաձայն  երգչախումբ:  «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ծրագրերի շրջանակում ստեղծվեց 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը: Խումբն ունի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար: Երգչախումբը գործում է 2014 թվականի փետրվար ամսից և արդեն չորս ամսում հասցրել է կատարել ու ձայնագրել 60 հոգևոր` եկեղեցական երգերի ընտրանի` 5-րդ դարից մինչև 15-րդ դար: Երգերը երգվել են միաձայն, ձայնառությամբ և արական կազմով` համապատասխան միջնադարյան ավանդույթին: Փաստորեն առաջին անգամ է հայոց պատմության մեջ իրականացվում նման նախագիծ: Համաշխարհային եկեղեցական երաժշտության տարբեր ճյուղերը ներկայացնող նմանատիպ արական երգչախմբեր գործում են աշխարհի տարբեր վայրերում և ունեն մեծ պահանջարկ: Ժամանակն է, որ նմանատիպ մեկ երգչախմբով էլ մեր եկեղեցական երաժշտությունը ներկայացնենք աշխարհին: Քանի որ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի շնորհիվ վերջապես ստեղծվեց նման երգչախումբ, ապա շատ ցավալի կլիներ, որ հանձնարարված ծրագրի կատարումից հետո դադարեր երգչախմբի գործունեությունը: Մենք կարծում ենք, որ եթե ձեռնարկվեն համապատասխան քայլեր, որի արդյունքում հնարավոր կլինի ստանալ հրավերներ եվրոպական կամ այլ երկրներից, ապա ապագայում «Զարկը» կարող է գոյատևել ինքնուրույն: Անշուշտ, մեր միջնադարյան երաժշտությունը մեծ հետաքրքրություն կառաջացնի արտերկրում, քանի որ դաշտում այդ տեղը թափուր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել