Tert.am-ը գրում է.

Իտալուհի լրագրող Աննա Մացոնեն formiche.net կայքում պատմել է, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»։

«Երբեք չէի հայտնվել «սև ցուցակում», բայց երբեք չի կարելի ասել՝ երբե՛ք: Դա տեղի է ունեցել, և դա ինձ ուրախացնում է, որովհետև լինել մարդկանց ցուցակում, ովքեր չեն արժանանում բռնապետի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի- Խմբ.) հավանությանը՝ միշտ պատիվ է։ Իրականում շատ քիչ բան եմ արել այդ պատվին արժանանալու համար, պարզապես իմ աշխատանքն եմ արել»,- գրում է Աննա Մացոնեն։

Ըստ հեղինակի՝ Ադրբեջանի իշխանություններն ավելացրել են բռնաճնշումներն ընդդիմադիրների նկատմամբ՝ դրամատիկ վատթարացում գրանցելով արդեն իսկ վատ իրավիճակում։ Վերջին տարիներին տասնյակ ակտիվիստներ և իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ, լրագրողներ և բլոգերներ են ձերբակալվել քաղաքական շարժառիթներով, իսկ շատերը պարզապես ստիպված են եղել հեռանալ երկրից։ Սա կարելի է կարդալ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում «Ադրբեջան» որոնելիս, գրում է հեղինակը։

Նա պատմում է, որ լրագրող լինելով՝ տարիներ շարունակ գրել է Հայաստանի և Ադրբեջանի դեպքերի մասին, մի տարածաշրջան, «որն այնքան հեռու է թվում, բայց որն իրականում շատ ավելի մոտ է, քան թվում է»։ Նրա խոսքով՝ բավական է հարցնել Պուլիայում (Իտալիա) գտնվող Մելենդունյոյի բնակիչներին, ովքեր որոշ ժամանակ առաջ ոտքի էին կանգնել Տրանսադրիատիկ գազամուղի իրականացումը խոչընդոտելու համար։ Այս գազատարով պետք է ադրբեջանական գազը մատակարարվի Եվրոպայի հյուսիսային երկրներին։

Հեղինակը պատմում է, որ այն մասին, որ նա ներառված է իտալացի քաղաքացիների ցանկում, որոնց արգելված է Ադրբեջան մուտքը, նրան ասել է Սիմոնե Զոպելարոն, ով նույնպես այդ ցանկում է ներառված Լեռնային Ղարաբաղի մասին հաղորդման պատճառով։

«Պետք է ասել, որ հիանալի ընկերակցությունում եմ: Ցանկը բացվում է հայտնի հայ գրող Անտոնիա Արսլանով, ով երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հարյուրամյա տարելիցի տարում ճանապարհորդել է թերակղզու ողջ երկայնքով՝ պատմելու համար, թե ինչ է տեղի ունեցել Թուրքիայում 1915-ից մինչև 1918 թվականը»,- գրում է նա։ Այնուհետև ցանկում են նաև Միլենա Գաբանելին և լրագրողների ու հեռուստատեսային օպերատորների մի խումբ, ովքեր «հավանաբար մեղավոր են բռնապետ Իլհամ Ալիևի ոտքերը չհամբուրելու համար»։

«Ադրբեջանական «սև ցուցակում», սակայն, կան նաև արվեստագետներ, քանդակագործներ, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի աշխատակիցներ, ճարտարապետներ, դերասաններ և դերասանուհիններ: Բոլորն «անցանկալի» են ռեժիմի համար»,- գրում է նա։

Ինչպես գրում է հեղինակը՝ ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու համար շատ բան պետք չէ անել։ «Հարկավոր է պարզապես ասել ճշմարտությունը, որը բոլորի աչքի առաջ է: Այդպես է արել Միլենա Գաբանելին 1990-ականների սկզբին, երբ պատմում էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին, և այդպես եմ արել նաև ես մի քանի տարի առաջ՝ վերադառնալով «առկախված երկիր»՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև գտնվող այդ հողակտորը, որտեղ այսօր պատերազմը ոչ միայն հեռավոր հիշողություն է, այլև մի հակամարտություն, որը ցանկացած պահի կարող է կրկին բռնկվել: Այդպես են արել նաև վերջերս France 2 հեռուստատեսային ալիքի լրագրողները: Ադրբեջանի մասին հաղորդման մեջ նրանք Ալիևին անվանել են բռնապետ և Ադրբեջանը՝ աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»,- գրում է նա։

Լրագրողն ափսոսանք է հայտնում, որ չի կարողանա այցելել Բաքու։ Լինելով ավելի ազատ և ժողովրդավարական երկրից՝ նրա համար անհեթեթություն է մեկ այլ երկիր այցելելու արգելքը, բայց նշում է, որ կսպասի, թե երբ Ադրբեջանում ժողովրդավարություն կհաստատվի։

«Հանգի՛ստ մնա, Ալի՛և, դա մի բան է, որ վաղ թե ուշ տեղի է ունենում նաև «լավագույն բռնապետների» հետ»»,- եզրափակում է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել