Վերջերս շատ է քննարկվում, թե վերջապես ու՞ր է այսպես սրընթաց գնում պուտինյան Ռուսաստանը: Ահավասիկ այդ հարցին ևս երկու համոզիչ պատասխան: Նախ, հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահը այսօր հրամանագիր է ստորագրել, որով ընդունվել է օրենք «Եղիր պատրաստ աշխատանքի և պաշտպանության համար» (ГТО - Готов к труду и обороне) մարզա-հայրենասիրական սպորտային համալիրի վերականգնման վերաբերյալ:
Իմ սերնդակիցները լավ ծանոթ են, թե ինչ է ГТО-ն. դա մի պարտադրված միջոցառումների համակարգ էր` բացարձակապես ոչինչ չտվող ոչ սպորտային առումով, ոչ էլ գաղափարական: Տարին մեկ անգամ սովետական ժամանակաշրջանի պատանիներին ու աղջիկներին տանում էին մարզահրապարակ, այնտեղ ինչ որ ձևական մրցումներ անցկացնում, հետո էլ տալիս էին համապատասխան վկայականներ ու կրծքանշաններ: Ինչի՞ համար էր դա. ամբողջատիրական խորհրդային համակարգին այդ ամենը հարկավոր էր միայն` «հավերժ հարազատ կոմունիստական կուսակցության» հետ կարգախոսը մեկ անգամ ևս վերահաստատելու համար, բայց, հավատացեք, որ ստացվում էր ուղիղ հակառակը:
Միաժամանակ մեկ այլ օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի Պետդումա, որով արգելվելու է պետական ծառայողներին օգտվել Google, Yahoo և WhatsApp ինտերնետային ծառայություններից, որոնք, ըստ օրինագծի հեղինակների, մեծ ռիսկեր են պարունակում` կապված արտասահմանյան գաղտնի գործակալությունների հետ: Օրինագիծը նաև նախատեսում է համապատասխան «պատժիչ» գործողություններ պետական համակարգի այն աշխատակիցների համար, որոնք այդքանից հետո համենայնդեպս կհամարձակվեն օգտվել վերոնշած «թշնամական արևմտյան» կայքերից: Այնպես որ, ընդամենը` ետդարձ դեպի ԽՍՀՄ և ուրիշ ոչ մի նորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել