Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց, թե յուրաքանչյուր մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել, ինչը, ըստ նրա, շատ մարդկային և հասկանալի իրողություն է:

«Կարդացի հարգարժան երկրորդ Նախագահի մեկհարցանոց հարցազրույցը: Հետո վերընթերցեցի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Հետո նորից վերադարձա հարցազրույցին: Հանձնաժողովի եզրակացության մեջ վերամբարձ բառեր չկային, կար միայն ժամանակակից դինամիկ երկրների տեսլական, որին հասնելու ճանապարհին բարձր է գնահատվում արված աշխատանքը: Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝  «հարատև չարիք», «լճացման աղբյուր», «արատավոր համակարգ» և ոչինչ չփոխելու տեսլական»,– ասաց ԱԺ փոխնախագահը:

Ըստ նրա, սակայն հարցազրույցը, ուներ անկյունաքար՝ «չի կարելի փոխել սահմանադրությունը, որովհետեւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք է: Ուշադրություն դարձրեք «արատավոր համակարգի վերարտադրման գործիք»։

«Հետաքրքիր է ինչ խաղի կանոնների պայմաններում և երբ է առաջացել այդ արատավոր համակարգը: Հետաքրքիր է, ոչինչ չփոխելով ինչպե՞ս պետք է վերանա այդ արատավոր համակարգը, եթե դա իսկապես այդպես է»,- ասաց նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով, ինքը շատ լավ հասկանում է նաև երկրորդ Նախագահի տեսակետի օբյեկտիվ հիմքերը: «Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել: Սա շատ մարդկային և հասկանալի իրողություն է: Պարզապես պետք է ընդունել նաև, որ կյանքն առաջ է ընթանում, աշխարհն արագ է փոխվում, և եվրոպական ոչ մեծ երկրների տիպի կառավարման համակարգերը լիովին ապացուցել են իրենց կենսունակությունը: Տեղում դոփել անկարելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել