Tert.am-ը գրում է.

Լրատվական դաշտում հրապարակված յուրաքանչյուր նյութ հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում հասարակության շրջանում, ուստի որևէ լուր թողարկելուց առաջ պետք է այն մի քանի աղբյուրից ճշտել: Այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով սահմանային լարվածության շրջանում լրատվական կայքերում հրապարակված լուրերի մասին:

«Ահռելի քանակի տեսանյութեր սկսեցին տարածվել, թե հայերը պատժում են ադրբեջանցիներին, որոնք հիմնականում ուկրաինական կոնֆլիկտից ու զորավարժություններից են: Այս ամեն ինչը մեծ ազդեցություն ունի հասարակության հոգեբանության վրա»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ միաժամանակ հավելելով, թե այստեղ լրատվամիջոցները քիչ են, ու վատն այն է, որ նմանատիպ կայքերը հասարակության մեջ գրաքննություն մտցնելու պահանջ են առաջացում:

«Վաղը, մյուս օրը չինովնիկները դա կարող են օգտագործել հակակոռուպցիոն նյութերն արգելափակելու համար»,- ասաց փորձագետը:

Ամենաճիշտը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, այն է, որ մարդկանց պետք է հասցնել, որ տեղեկատվությունը սննդի պես մի բան է, և մարդն, օրինակ, երբեք խանութից փչացած սնունդ չի գնում. «Նույնն էլ պետք է լինի տեղեկատվական դաշտում: Մարդը պետք է վստահի այն կայքերին, որոնք հստակ հասցե ունեն, չեն խաբում, պատասխանատվություն են կրում իրենց հրապարակած նյութերի համար»:

Փորձագետն ասաց նաև, թե մարդիկ պետք է հասկանան, որ եթե այս կամ այն լրատվամիջոցներում լուրերը սկսում են՝ «շտապ», «հրատապ» վերնագրերով, դրանք լուրջ լինել չեն կարող:

«Այս պարագայում արդեն հեշտությամբ դաշտ են մտնում ադրբեջանական կեղծիքները»,-նկատեց բանախոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել