Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ անկախության տոնի առթիվ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի թիվ 1 հիմնական դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Էմմա Թորոսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, իսկ ՀՀ անկախության տոնի առթիվ երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը՝ Երախտագիտության մեդալով: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Ուսուցչի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի փոխտնօրեն Թամարա Պետրոսյանը և ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Թամարա Դանիելյանը, ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանը, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Հասմիկ Սայադյանը, ՀՀ Արմավիրի մարզի Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Մելինե Մուքոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Ամալյա Սայիլյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Էմմա Անտոնյանը, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի դասվար Ամալյա Վանյանը, ՀՀ Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Անահիտ Գրիգորյանը, ՀՀ Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Մկրտչյանը և ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հասմիկ Մաթևոսյանը:

Տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանը, լավագույն դաստիարակ՝ Երևանի թիվ 47 մանկապարտեզի դաստիարակ Արմինե Մնացականյանը, լավագույն տնօրեն՝ Տավուշի մարզի Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանը: Լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները նրանց հանձնել է կառավարության ղեկավարը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի մանկավարժներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Մենք մեծապես կարևորում ենք ձեր աշխատանքը: Դուք դժվարին, պատասխանատու և շատ կարևոր գործի նվիրյալներ եք: Ուսուցիչը եղել և մնում է հոգևոր և բարոյական արժեքների լավագույն կրողն ու տարածողը:  Այն լույսը, սերն ու ջերմությունը, գիտելիքների պաշարը, որ տալիս եք ձեր սաներին, վստահաբար, իրենց հետքն են թողնում նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի կայացման ճանապարհին: Մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններում պահում է այն ուսուցչի կերպարը, ով սովորեցրել է մտածել և հասկանալ, չընկրկել դժվարություններից, հավատալ և հաղթել: Իմ հիշողություններում ևս պահպանվում են իմ բոլոր ուսուցիչների կերպարները, որոնցից յուրաքանչյուրին յուրովի եմ շնորհակալ՝ իմ կյանքում ունեցած նրանց ավանդի համար:  

Մեր երկրի անկախացումը և պետականության ամրապնդումը հնարավորություն տվեցին կրթության բնագավառում որդեգրել ոչ միայն ժողովրդավարության սկզբունքներ, այլև համակարգն ուղղորդել հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը և զարգացմանը: Մեր երկրի ապագան կիրթ և զարգացած հասարակությունն է, ուստի կրթության որակի բարձրացմանն ու մատչելիության ապահովմանն ուղղված բարեփոխումները լինելու են շարունակական: Որպես կառավարության ղեկավար՝ նաև անձամբ աջակցելու եմ ոլորտի հետագա զարգացմանն ու ուսուցիչների որակավորման բարձրացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնության:

Այսօր մենք ձեռնամուխ ենք եղել Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացմանը, որի նպատակն է կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը: Ուսուցիչը մշտապես մեր պետության ուշադրության և հոգածության կենտրոնում է, քանզի ձեզ է վստահված մատաղ սերնդի, մեր վաղվա հասարակությունը ձևավորող անհատի կրթության և դաստիարակության չափազանց կարևոր ու պատասխանատու գործը: Մեր հետևողական ջանքերն ուղղված են և այսուհետ ևս ուղղված են լինելու մեր ուսուցիչների սոցիալական, տնտեսական խնդիրների լուծմանը և բարեկեցության ապահովմանը:

 

Սիրելի ուսուցիչներ,


ձեր հաջողություններն ակնհայտ են, ձեր ձեռքբերումներն ակնհայտ են: Մեր այսօրվա զինվորները, գիտնականները, շինարարները և բժիշկները ձեր սաներն են, ովքեր դիմակայելով ներկա բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին` անկոտրում կամքով կողք կողքի շենացնում են մեր անկախ պետությունը: Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր հայրենանվեր ու պատասխանատու գործում: Մեր ապագան, հաջողության գրավականը մեր կրթված երիտասարդներն են, աշակերտները, ուսանողները և մեր եռամիասնությունը՝ Մայր Հայրենիք-Արցախ-Սփյուռք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել