Tert.am-ը գրում է.

Մեր նպատակադրումը գնաճի կանխատեսումն է, լողացող փոխարժեքի պարագայում գնաճի կայունությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ի պատասխան «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ փոխարժեքի և գնաճի միջև կապի վերաբերյալ հարցադրմանը:

Անդրադառնալով անցած տարվա նոյեմբերին նկատված ռուբլու արժեզրկմանը և դրա ազդեցությանը, Ներսես Երիցյանն ասաց. «Ցնցումների ազդեցությունը եղավ հնարավորինս քիչ, ամբողջությամբ այդ շոկը չփոխանցվեց, ինչը կարող էր ավելի վատ հետևանքներ թողնել, և մեզ հաջողվեց մնալ ցածր գնաճի շրջանակներում, որը կանխեց հետագա աղքատացումը»,-ասաց նա:

ԿԲ նախագահի տեղակալն ասաց, որ ԿԲ-ն քամուն հակառակ չի գնում և երկարաժամկետ առումով թույլ է տալիս փոխարժեքը ճշգրտվի:

«Սակայն կարճաժամկետ հոսքերի դեպքում մենք միջամտում ենք»,-ասաց նա:

Նա նշեց, որ լողացող փոխարժեքն այն է, երբ ԿԲ-ն սահմանափակ միջամտություն է իրականացնում:

Մտքերի փոխանակման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ գների աճն ու կայունությունը միայն ԿԲ-ի խնդիրը չէ, կառավարության խնդիրն էլ է:

Նա հիշեցրեց, որ իշխանությունը 2008 թվականից տարեկան 7 տոկոս աճ էր խոստացել, սակայն  8 տարի է անցել և ընդհանուր տասներկու տոկոս աճ է արձանագրվել: «Վեց անգամ պակաս, քան թե խոսք եք տվել»,-ասաց նա ահազանգեց, որ զարգացում չապահովելով՝ կարող ենք հերթական անգամ կորցնել պետություն:

Ըստ նրա՝ սխալ է այն մոտեցումը, թե ամբողջ աշխարհում տնտեսական վիճակը բարդ է,  քանի որ ամբողջ աշխարհում տնտեսությունը շատ լավ է զարգանում:

«Խորապես հիասթափված եմ այս մոտեցումներից»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունը սարսափում է գների աճից, որովհետև կառավարում չգիտի, և այն ենթադրում է մրցակցություն, ինչը ձեռնտու չէ օլիգարխներին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ Հայաստանը չի կարողանում արտահանման մեջ բեկում մտցնել: «Այսինքն` Հայաստան պետությունը արտաքին աշխարհին բան չունի տալու»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել