Tert.am-ը գրում է.

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ 55-ից 60 օրվա սահմաններում կնշանակվի հանրաքվե անցկացնելու օրը, որը կորոշի ՀՀ Նախագահը. այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Գործընթացը շարունակվում է, ամեն ինչ գնում է կանոնակարգին համաձայն, և ինձ թվում է՝ մոտ օրերս կլինի հայտարարություն օրվա հետ կապված ՀՀ Նախագահի կողմից և կնշվի հանրաքվեի օրը»,-ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև ԱԺ-ի քվեարկությանը, ըստ որի՝ 104 պատգամավոր համաձայնեցին, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բնականաբար պետք է լինեին նաև «դեմ»-եր, չնայած անհասկանալի են համարում մայր օրենքին ձեռնպահ քվեարկելը:

«Ընդհանուր առմամբ պատկերը կանխատեսելի էր, անակնկալ ոչինչ չկար: Այն բոլոր առաջարկությունները, որոնք տեքստային իմաստով, բովանդակային և ոճային իմաստով, համարվում էին բարեփոխումներ, բոլոր այդ առաջարկությունները հաշվի առնված են»,-ասաց նա:

Հարցին, թե ընդդիմությունը համարում է, որ իրենց պայքարը նոր փուլ է ստանում, որը պետք է ծավալվի փողոցում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, բա ուրիշ ի՞նչ պետք է ասեին, ասեին՝ տո՞ւն ենք գնում: Եվ հետո, ընդդիմություն ասելով՝ պետք է տարբերակել՝ ընդդիմությունն ովքեր են՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է, ՀՅԴ-ն ընդդիմություն է, ՕԵԿ-ը՝ ընդդիմություն է։ Այսինք՝ ձեռնպահ քվեարկելով փողոց չեն գնում, և ՕԵԿ-ը նման հայտարարություն չի արել: «Ժառանգությունը»… ինձ համար այդ խմբակցությունն անհասկանալի է՝ 1-ը 4-ի դիմաց: ՀԱԿ-ում էլ բավական տարաձայնություններ կան: Մեկ այլ խնդիր է, երբ ասեք, որ ընդդիմության որոշ անհատներ, որոնք ինչ-որ անբավարարվածություն ունեն, ասում են՝ գնանք փողոց: Թող գնան փողոց, փողոցն էլ հարթակ է, դա էլ դժգոհություն հայտնելու քաղաքական արենա է»։

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բազմաթիվ պրոցեսների ընթացքում մարդիկ դուրս են գալիս իրենց դժգոհությունն արտահայտելու, և իշխանությունները պարտավոր են պատասխան տալ:

«Բայց եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, պետք է իրենց բողոքը հիմնավորեն: Ես ցավում եմ, որ այդ «ոչ»-ը որևէ հիմնավորման ձև չունի, քանի որ տարիներ շարունակ 90-ականներից, այդ «ոչ» ասողները կողմնակից են եղել համամասնականին և խորհրդարանական համակարգին, և նրանք ոչ ասելու որևէ պատճառ չունեն: Որ պարագայում էլ որ ուզում եք վերցնեք, եթե կա այդպիսի վերարտադրման խնդիր, եթե քաղաքական ուժը կարող է վերարտադրվել, դա կանի ցանկացած տարբերակում: Իսկ սա լավագույն իշխանափոխության միջոցն է, որն առաջարկվում է»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե եթե կան այդպիսի ռեսուրս ունեցող քաղաքական ուժեր, որոնք կարող են խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել մեծամասնություն, կամ կոալիցիա կազմել երկրորդ, երրորդ տեղերով դառնալ մեծամասնություն, արդեն բոլոր խնդիրները լուծում են՝ կառավարությունը կազմում են իրենք և արդեն իշխանափոխության խնդիրը լուծված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել