Կառավարությունն իր ս.թ. հոկտեմբերի 1- ի նիստում հավանություն է տվել սոցիալական կարևորություն ունեցող երեք ծրագրի` զբաղվածության կարգավորման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016թ. պետական ծրագրերին և երեխայի իրավունքների պաշտպանության 2016թ. տարեկան ծրագրին:

Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման և իրականացման օրենսդրական հիմքը ՀՀ զբաղվածության 2013- 2018թթ. ռազմավարությունն է և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որով կյանքի է կոչվել զբաղվածության քաղաքականության նոր մոդելը, ինչը հնարավորություն է տալիս ոլորտում իրականացնել ճկուն, արդյունավետ և իրավիճակից բխող` մարտահրավերներին արագ արձագանքող քաղաքականություն: Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայի անմրցունակ անձանց կայուն զբաղվածությունը և ինքնազբաղվածությունը խթանելուն, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակը բարձրացնելուն և այլն:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում է 2016թ. տարեկան ծրագրով, որն ըստ էության 2015- ին կատարված աշխատանքի շարունակությունն է: Նախ, ոլորտը կանոնակարգող ազգային օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ- ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին, մասնավորապես` հաշմանդամության սահմանման և բժշկասոցիալական փորձաքննության անցկացման նոր մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2016թ. նախատեսված միջոցառումներն իրականացվելու են տասնմեկ հիմնական ուղղություններով:

Երեխայի իրավունքների պաշտպանության 2016թ. տարեկան ծրագրի նպատակն է` սոցիալական պաշտպանության ոլորտում`կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի ստեղծումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, առողջապահության ոլորտում` երեխաների բժշկական օգնության որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը, կրթության ոլորտում` միջազգային ասպարեզում համակարգի մրցունակության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ հիմնական կրթության ապահովումը, մշակույթի ոլորտում` երեխայի գեղագիտական և ստեղծագործական կարողությունների զարգացումը, գեղագիտական դաստիարակությունը, անչափահասների արդարադատության ոլորտում` իրավախախտում կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը, անչափահաս դատապարտյալների աշխատանքի ապահովումը:

Հավանության արժանացած այս երեք ծրագրերը ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել