Tert.am-ը գրում է.

Լրացել է «Չեք անցկացնի» նախաձեռնության 21 անդամների՝ ոստիկանությունում գտնվելու՝ օրենքով սահմանված երեք ժամը, և նրանք մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ոստիկանության Արաբկիրի բաժնից:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց բաժնից դուրս եկած փաստաբան Լուսինե Գրիգորյանը՝ նրանցից 4-ի ինքնությունը տեղում ճշտվել և ազատ են արձակվել, 8-ի նկատմամբ ևս չի կազմվել որևէ արձանագրություն, բայց նրանք շարունակել են գտնվել բաժնում, իսկ վերջին 11 հոգու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն:

Ոստիկանության բաժնից դուրս եկած Վարդան Հարությունյանը նշեց, որ նրանցից մի քանի նկատմամբ արձանագրություն է կազմվել 180 հոդվածի 1-ին մասին համապատասխան, որը ենթադրում է տուգանք, որը պետք է սահմանի դատարանը:

«Մեզ նույնիսկ մեր կարգավիճակը չասացին, մի քանիսի նկատմամբ վարույթ է իրականացվել, որևէ մեկը որևէ բան չէր ասում: Ասում էին՝ սպասեք, ու այդպես էլ որևէ մեկը չեկավ ու պարզապես երրորդ ժամը լրացավ և ազատ արձակեցին»,-ասաց նա։

Դուրս եկած Արշակ Մուսախանյանն էլ նշեց, որ իրենց բաժանել են երկու խմբի և այն խմբին, որտեղ ինքն է եղել, չեն հայտնել իրենց կարգավիճակի մասին, իրենք պարզապես երեք ժամ գտնվել են բաժնում: Ոստիկանության այս քայլը նա որակեց իբրև առևանգում:

Արեգ Գևորգյանն էլ ընդգծեց, որ իրենք շարունակելու են պայքարը և հետագա գործողությունների մասին կհայտնեն ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել