Մինչև այսօր ոչ մի բովանդակային մոտեցում հարցի վերաբերյալ այդպես էլ չկարողացանք լսել: ՀՀԿ-ականների մի ստվար հատված չգիտի, թե ինչու է «այո» ասում այս փոփոխություններին, «ոչ»-ի կողմնակիցներն էլ չեն կարողանում հիմնավորել մերժումը: 
Իրականում, սակայն, եթե խոսում ենք համակարգային փոփոխությունների անհրաժետության մասին, ապա այն պետք է սկսել նաև ու հենց ՀՀ Սահմանադրությունից: Խորհրդարանական կառավարումն աշխարհի քաղաքագիտական մտքի ստեղծած ամենաժողովրդավար կառավարումն է, մանավանդ այն երկրների համար, ովքեր ավտորիտար կառավարման փորձ ունեն: Ուզում ենք, որ օլիգարխիան չանցնի խորհրդարան, պետք է վերացնել մեծամասնական ընտրակարգը, որովհետև օլիգարխների՝ խորհրդարան ներխուժման հիմնական դուռը հենց էդտեղից է: Ուզում ենք՝ երկրում միանձնյա որոշում չկայացվի, ուրեմն պետք է նախագահական գործառույթների կրճառում: Այսօր խորհրդարանում 131 պատգամավորներն ինչ օրենք ուզում են, կարող են ընդունել՝ նախագահը կարող է հանգիստ դրանք չվավերացնել: Երկրում նախագահական ընտրությունները մշտապես անցնում են ծեծի և ջարդի, ձերբակալությունների և ահաբեկման մթնոլորտում, խորհրդարանականը՝ ոչ: Նախագահն իրականում ոչ մեկի հաշվետու չէ՝ իր բոլոր հետևանքներով: 
Ասում են՝ իշխանությունները վերարտադրվում են: Իշխանությունները 25 տարի վերարտադրվում են, իսկ փոփոխությունները տեղի են ունենում պալատական պայմանավորվածությունների, ոչ թե ընտրությունների միջոցով: Բերեք մեկ օրինակ, երբ ընտրությունների միջոցով երկրում իշխանություն է փոխվել: Երբեք՝ ընդդիմությունը Հայաստանում երբեք ամբողջական իշխանություն չի վերցրել, իսկ մի մասն, ընդհակառակը, մի քանի աթոռի համար ծախել է իր բոլոր սկզբունքները: Եթե վերցնում ենք վերարտադրության հարցը, ի՞նչն է խանգարում գործող նախագահին դառնալ վարչապետ, մանավանդ, որ այս՝ գործող Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները բավական մեծ են: Ուժեղ վարչապետի պարագայում այս Սահմանադրությամբ նախագահը վեր է ածվում անգլիական թագուհու:
Բողոքում ենք դատական համակարգից: Այո՛, այն դատավորը, որ իշխանությունների կամքին դեմ վճիռ կարող է կայացնել, միանգամից զրկվում է դատավորի իր լիազորություններից: Օրինակ, Պարգև Օհանյան, եթե հիշում եք: Առաջարկվող տարբերակով դատավորի հետկանչման մեխանիզմ չկա: 
Բողոքում ենք ընդդիմության դերակատարության թուլացումից: Այժմ ՀՀԿ-ն խորհրդարանում ինչ ուզի, կարող է անել: Փոփոխվող տարբերակով կարևորագույն պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ կլինի ձայների 3/5՝ 75%: Եթե մեր քաղաքացիները պետք է ՀՀԿ-ին տան ձայների 75 տոկոս կամ թույլ տան, որ այդ աստիճան ընտրություն կեղծվի, ուրեմն իշխանություններն ինչ անում, ճիշտ են անում՝ մեզ տեղն է: 
Ասում են՝ կայուն մեծամասնությունն ի՞նչ է: Ձայն մի տվեք ՀՀԿ-ին, թող առաջին փուլում 50+1 չհավաքի, առաջին իսկ փուլում կոալիցիա կազմեք, ՀՀԿ-ին էլ ուղարկեք ընդդիմություն: 
Հարց. արդյո՞ք փոփոխվող սահմանադրությունը կարող է երաշխավորել երկրում սոցիալական վիճակի կայունացում, արտագաղթի պակաս, մենաշնորհների վերացում:
Պատասխան՝ ոչ: Բայց ոչ միայն փոփոխվողը, գործողը նույնպես չի կարող նման երաշխիք տալ: Դրա համար խորքային բարեփոխումներ և քաղաքական կամք է անհրաժեշտ, որի մասին աշխարհի և ոչ մի Սահմանադրությունում տառ անգամ չկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել