ՀԱՐՑ

Ժառանգության ընդունման ինչպիսի՞ կարգ է սահմանվում այն դեպքում, երբ անձը մահացել է՝ չհասցնելով ընդունել իր հասանելիք ժառանգությունը:

Բարև Ձեզ, քրոջս ամուսինը մահացել է 25.01.2015թ-ին: Քույրս դիմել է նոտարին ժառանգությունը ընդունլու համար, և պարզվել է, որ նրա ամուսինն իր ամբողջ գույքը կտակել է նրան: Սակայն քույրս նոտարին դիմելուց հետո 2 ամիս անց ևս մահացել է և չի հասցրել ընդունել ժառանգությունը: Այժմ չգիտեմ, թե ով և ինչպես պետք է ընդունի քրոջս ամուսնու ժառանգությունն այն դեպքում, երբ առկա է քրոջս անունով բացված կտակ: Կանխավ շնորհակալ եմ:

 

ՊԱՏԱՍԽԱՆ

Այն դեպքում, երբ աձի մահից հետո ժառանգության ընդունման համար հրավիրված ժառանգը մահանում է՝ չհասցնելով այն ընդունել, ապա մահացած անձի (ժառանգատուի) ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է մահացած ժառանգի ժառանգներին:

Ձեր դեպքում Ձեր քրոջ մահվանից հետո նրա ամուսնու ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է Ձեր քրոջ ժառանգներին:

Ձեր քրոջ առաջին ժառանգներն են հանդիսանում նրա երեխաներն ու ծնողները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ հարազատ կամ միևնույն հայր կամ միևնույն մայր ունեցող եղբայրներն ու քույրերը, այդ թվում նաև Դուք (երկրորդ հերթի ժառանգներ), այնուհետև՝ հայրական կամ մայրական կողմի տատը և պապը (երրորդ հերթի ժառանգներ), որոնց բացակայության դեպքում էլ՝ Ձեր քրոջ հորեղբայրները, հորաքույրները, քեռիներն ու մորաքույրները, իսկ նրանց երեխաները՝ ներկայացման իրավունքով:

Ձեր քրոջ համապատասխան ժառանգները նրա մահվանից հետո վեց ամսվա ընթացքում պարտավոր են դիմել նոտարին՝ ժառանգության ընդունման համար: Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մասին, որը պետք է ներկայացնեք, մանրամասն կտեղեկացնի նոտարը:

Հարցին պատասխանեց Կարեն Աղաջանյանը (արտոնագիր 11)

Ձեր հարցերն իրավաբաններին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին գրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել