Այսօր նշվում է Ուսուսցչի տոնը: Ուզում եմ փոքր-ինչ ընդհանրացնել Ուսուցիչ հասկացությունը` վեր դասելով այն անձերից: Մեծ հաշվով Ուսուցչի առաքելությունը մեր կյանքում ոչ թե մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և այլ առարկաներ սովորեցնելն է, այլ մեզ օրինավոր, իրավագիտակից, ազատ քաղաքացի դարձնելը: Ամենքս ունենք մեր նախընտրած առարկաները, որը կսովորեինք առանց ուսուցչի էլ, կարևորն այն գիտակցումն է, թե ինչ է մեզ պետք, որը պետք է մեր մեջ սերմանեն մեր ուսուցիչները: Դպրոց, ԲՈՒՀ, բանակ ավարտելը դեռևս ուսումնառության գործընթացի վերջը չէ, կարևոր է գիտակցել մի պարզ ճշմարտությունը. երբ դադարում ես սովորել, կյանքը կանգնում է, որ տարիքում էլ լինի: Ճիշտ է՝ դասական ուսուցչի մասին պատկերացումներն ավարտվում են սիստեմատիկ դասի գնալ-գալու պարտականությունից «ազատվելուց» հետո, բայց պետք է գիտակցել, որ բոլոր երևույթներն ու մարդիկ, որոնք կան մեր կյանքում, հանդիսանում են ուսուցիներ: 
Ցավով պետք է նշեմ, որ արդեն շատ տարիներ այս գեղեցիկ տոնն աշակերտների ու ծնողների մոտ ասոցացվում է լոկ դասղեկին ու ուսուցիչներին նվեր գնելու օրվա հետ: Ուսուցիչներից շատերը չեն հասկանում իրենց առաքելությունը ՀՀ քաղաքացու կյանքում, չեն հասկանում, որ միակ բանը, որ պետք է սովորեցնել մատաղ սերնդին, ազատությունն է: Ազատություն` սովորելու այն, ինչ իրենք են ուզում, հարմար գտնում սովորել, տարրական էթիկա, սեփական հիմնարար իրավունքներին տեր կանգնելու, սեփական պարտականությունները գիտակցելու մղում, մեկ է, բոլորս մաթեմատիկներ, ֆիզիկոսներ, լեզվաբաններ չէինք դառնա: Ի՞նչ պետք է սովորեն երեխաներն իրենց ուսուցիչներից, երբ ընտրությունները, որ ազատության ամենավառ դրսևորումն են, կեղծվում են հենց ուսուցիչների ձեռամբ ու լուռ համաձայնությամբ: Երբ ուսուցչական կազմը համարյա առանց բացառությունների հանդիսանում է վարչական ռեսուրս իշխանությունների համար, դժվար է սպասել իրավագիտակից, ազատ քաղաքացի ներկայի ու ապագայի համար: Կուզեմ, որ մի օր ուսուցչի ու ազատության տոները նույնացվեն, դառնան նույն գաղափարի կրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել