Ցանկացած պետության արտաքին քաղաքականության ընկալման հիմքային փաստաթղթերը նրա ազգային անվանգության հայեցակարգն է, ուժային և քաղաքական ռազմավարությունները: Սակայն օպերատիվ քաղաքական օրակարգի տեսանկյունից հիմնարար ու ուղղորդիչ են հատկապես երկրի քաղաքական որոշում ընդունողների ելույթները: Այդ ելույթներում ամեն տող, ամեն բառ, ամեն ձևակերպում ունի հասցեատեր, նպատակ, իր վրա կրում է այդ երկրի ազգային շահերի սպեկտորի առանձնահատկությունները:

Հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահը բավական լայնածավալ ու կոնկրետ հաղորդագրություններով լի ելույթ ունեցավ ԱՄՆ «Քարնեգի» հիմնադրամում: Ելույթը բովանդակային տեսանկյունից ուներ մի քանի շեշտադրումներ՝ կապված ԼՂ խնդրի, Ադրբեջան պետության, Ցեղասպանության 100-րդ տարելիցի, Թուրքիայի, ՀՀ-ում նախատեսվող սահմանդրական բարեփոխումների և մի շարք այլ հիմնախնդիրների հետ կապված: Հաշվի առնելով ՀՀ-ի ռազմաքաղաքական անվտանգության ապահովման մերօրյա օրակարգը՝ ուշադրության և վերլուծության հատկապես արժանի էր ելույթի՝ ԼՂ խնդրի, դրա վերաբերյալ հայկական մոտեցումներին նվիրված հատվածը:

Մասնավորապես՝ ՀՀ նախագահը վերահաստատում է, որ չնայած «Այսօր Ադրբեջանը խնդիրը ներկայացնում է իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրականացման խնդիր է։ Ցավոք, այսօր առկա է հսկայական անդունդ ադրբեջանական իշխանությունների պատկերացումների և քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի միջև: Եթե քաղաքակիրթ աշխարհում որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, ապա Ադրբեջանը, իր նավթային եկամուտներից կուրացած, ամեն կերպ սեփական պատկերացումները փորձում է պարտադրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին, այլև միջնորդ երկրներին»:

Սա կարևոր արձանագրում էր՝ կապված բանակցային տրամաբանության մեր տեսլականի ու մոտեցումների հետ: ՀՀ-ի քաղաքականությունն այս հարցում գրեթե միշտ ածանցվել է «ինքնորոշման» իրավունքի կոնցեպտից: ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանին բռնակցված տարածքում ապրող հայ ազգաբնակչությունը, ենթարկվելով ֆիզիկական բնաջնջման վտանգին, լիիրավ է օգտվել իր ինքնորոշման իրավունքից և ստեղծել իր սեփական պետությունը: Փաստականորեն այդ տարիներին սա ԼՂ-ում ապրող հայերի համար չցեղասպանվելու միակ հնարավոր տարբերակն էր:

ՀՀ նախագահի ելույթի մեկ այլ հատվածում նշվում է, որ «Չնայած 1994թ. հաստատված զինադադարին՝ այսօր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը»... «Այս հիմնահարցը ծառայեցվում է նաև ադրբեջանական իշխանությունների ներքաղաքական շահերին. նախ՝ Ադրբեջանի վարչակազմը խնդիր ունի արդարացնելու սեփական ռեժիմը, ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, երկրում տիրող՝ մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը... ...Ադրբեջանի ղեկավարության համար ստեղծված իրավիճակի ամենահեշտ բացատրությունը թշնամու (հայերի կամ հայկական պետությունների) գոյությունն է»:

Փաստացիորեն արձանագրվում է, որ ԼՂ խնդիրն Ադրբեջանի համար ներքին քաղաքականության և իշխանության պահպանման հարց է:

Ելույթի մեկ այլ պարբերությունում Ս.Սարգսյանն ընդգծում է. այսօր «...Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև ԺՀՄԻԳ-ը հրաժարվել են անգամ դիտորդներ ուղարկել Ադրբեջան գալիք նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ գտնելով, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար այլևս չկան նախադրյալներ»։ Ուստի... «Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն ավելի քան 20 տարի ընթանում է ժողովրդավարության ուղիով, կարող է ապրել ավտորիտարիզմից դեպի բռնապետություն հաստատուն քայլերով ընթացող Ադրբեջանի կազմում։ Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ արյան գնով տեր է եղել իր ֆիզիկական գոյության իրավունքին, կարող է նորից հայտնվել Ադրբեջանի կազմում. երկիր, որտեղ ատում են հայերին, որտեղ հայի արյուն թափողը հերոս է և ոչ մարդասպան»։

Ներկայացնելով այսօրվա Ադրբեջանում տիրող քաղաքական հալածանքերի, բռնությունների վիճակը, որն արձանագրում են նաև միջազգային հեղինակավոր համարվող կազմակերպությունները՝ ելույթում հարցադրում է արվում, թե ինչպե՞ս է հնարավոր նման երկրի կազմում որևէ ֆորմատով տեսնել հայերով բնակեցված և դեմոկրատական ճանապարհ որդեգրած ԼՂ-ն:

Կարող ենք նշել, որ ՀՀ նախագահի ելույթը «Քարնեգի» հիմնադրամում առնվազն ԼՂ խնդրի մասով բավական կուռ, հիմնավորված և նրա՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված մոտեցումների կարևոր փոխլրացումն էր: Եթե ՄԱԿ-ում հայտարարվեց, որ մենք «պատժելու ենք Ադրբեջանին», ապա այստեղ արձանագրվում է, որ դեռևս միգուցե առկա է խնդրի լուծման այլ՝ առանց փոխադարձ զոհերի ճանապարհ՝ «ինքնորոշման իրավունքի» տիրույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել