Tert.am-ը գրում է.

Կարծում եմ, որ 2016 թ.-ի պետական բյուջեի նախագծում 2,2 տոկոսի կանխատեսումը շատ օբյեկտիվ հիմքեր ունի և բացի այդ, հեշտ է իրագործել, այսինքն` այնպիսի ամբիցիոզ նպատակ չի դրված, որը դժվար լինի իրագործելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Ըստ նրա կառավարության կողմից տնտեսական աճը  2,2 տոկոսի իջեցնելը  ցույց է տալիս, որ երկրի տնտեսությունը զարգացման տեմպերի առումով  բավականին օբյեկտիվ դժվարություններ ունի։ Նա նկատեց, որ 2015 թվականին տնտեսական աճը կանխատեսվել էր 4,1 տոկոս։

Հիշեցնենք, որ վերջին նիստին կառավարությունը հաստատեց 2016թ-ի պետական բյուջեի նախագիծը, ըստ որի՝ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12-ամսյա գնաճի թիրախը՝ 4 պլյուս-մինուս 1%, դեֆիցիտը՝ 3.5%։

«Այսինքն` սա մի չափանիշ է, որ ասում է՝ նախորդ տարի ավելի լավ էինք ապրում, քան այս  տարի,  հաջորդ տարի ավելի վատ կապրենք, քան այս տարի։ Ամեն հաջորդ տարին միայն տնտեսական աճի կանխատեսումների առումով մենք ավելի վատ ենք ապրում, և կառավարությունն իր կանխատեսումների մեջ դա ցույց է տալիս։ Կուտակած դժվարությունների արդյունքն է, որ ստիպված են եղել աճի կանխատեսումն իջեցնել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախատեսվող 3,5 տոկոս դեֆիցիտին, ապա տնտեսագետն ասաց, որ մենք բյուջեի եկամտային մասի համալրման հետ կապված 2016 թվականին ևս ունենալու ենք խնդիրներ, ինչպես՝ 2015 թվականին չենք կարողանում բյուջեի եկամուտները նորմալ ապահովել։ «Այսինքն՝ եթե բյուջեի դեֆիցիտի մակարդակը բարձրացրել են, դա նշանակում է,  որ բյուջեում եկամուտների համալրման խնդրի առաջ են կանգնելու, եկամուտն էլ քիչ է  լինելու»,- ասաց նա։

Անդրադառնալով համաշխարհային տնտեսության ազդեցությանը՝ Հայաստանի տնտեսության վրա, նա ասաց, որ իհարկե համաշխարհային տնտեսության հատկապես՝ Ռուսաստանի տնտեսության՝ -3,5 -ից  -4 տոկոսանոց տնտեսական անկումը կարող է ազդեցություն թողնել նաև Հայաստանի տնտեսության վրա։ «Այնուամենայնիվ, պետք է փորձել դրանցից վեր կանգնել և երկրի ներքին ռեսուրսների հաշվին փորձել տնտեսությունը հանել այդ վիճակից»,- ասաց նա։

Վիլեն Խաչատրյանը նշեց, որ կառավարությունն ընտրել է զարգացման չտանող աճի ցուցանիշ, որի իրականացնելը հեշտ կլինի: «Մեր նման երկրները այդքան ցածր աճի տեմպերով զարգացում չեն կարող ապահովել: Մեր երկրի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 10 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 2,2%  աճը այդ 10 միլիարդի մեջ  ընդամենն անում է 220 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց նա։

Ըստ նրա՝ պոտենցիալ կա ավելի շատ տնտեսական աճ ապահովելու և  խնդիրը՝ ցանկության,  տնտեսական ավելի խելացի արդյունավետ քաղաքականություն վարելու, ներդրումային նախագծեր իրականացնելու մեջ է։

Տնտեսագետը նկատեց, որ Հայաստանի բյուջեն հիմնականում ունի սոցիալական ուղղվածություն։ «Այսինքն՝ կարելի է մեր բյուջեն ձևակերպել որպես նպաստառուներին և թոշակառուներին պահելու բյուջե»,- ասաց նա և նշեց, որ սոցիալականից բացի շատ ծախսեր ուղղվում են պաշտպանության, անվտանգության ոլորտ։ Ինչը, ըստ տնտեսագետի, թեև արդարացված է հաշվի առնելով երկրի վիճակը, սակայն այդ դեպքում նա ընդգծեց, որ  զարգացման համար ռեսուսրներ չի  կուտակվում և կենտրոնացվում։ Չնայած դրան՝ նա ասաց, որ թոշակառուին տված թոշակն էլ է քիչ, նպաստառուին տված նպաստն էլ է քիչ։6

«Մասնավորը պետք է  զարգանա, որ երկիրը զարգանա»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել