Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Այսօր էլ մեր հանրապետության բազմահազար մանկավարժները հպարտորեն են կրում իրենց փոխանցված՝ ուսուցչի վեհ կոչումը: Դուք իրականացնում եք անչափ պատասխանատու առաքելություն՝ կրթում ու դաստիարակում եք մեր երկրի ապագա քաղաքացուն՝ միաժամանակ ապահովելով մեր ժողովրդի հարատևումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք նվիրումով, ծնողական համբերատարությամբ և ջերմությամբ:

Յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ և ձեր հոգու լույսից մի շող՝ դուք լուռ հետևում և ուրախանում եք ձեր աշակերտների հաջողություններով ու ձեռքբերումներով: ձեր աշխատանքի արդյունքներով է պայմանավորված ինչպես մեր տնտեսության ապագա հզորացումը, այնպես էլ մեր սահմանների անառիկությունն ու երիտասարդ երկրի երազանքների իրականացումը: Ուսուցչի կերպարը բոլորիս սրտերը լցնում է պատանեկան տարիների մաքուր ու անաղարտ հիշողություններով: Հիշողություններ, որոնք անջնջելի հետք են թողել յուրաքանչյուրիս կյանքում և ամենաարժեքավորն են մեզ համար:

Այս օրը մտովի և հոգով ձեզ հետ են սահմանին կանգնած զինվորն ու գեներալը, բժիշկն ու գիտնականը, մարզիկն ու արվեստագետը, այգեգործն ու պետական գործիչը: Մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ: Ձեզանից ստացած գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը խիստ անհրաժեշտ են բոլորիս կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Եվ պատահական չէ, որ ավանդաբար նշվող այս տոնը բոլորիս բացառիկ հնարավորություն է տալիս բարձրաձայնելու այն երախտագիտությունն ու գնահատանքը, որը ժամանակի ընթացքում ավելի գիտակցված ու արժևորված է հնչում:

Բոլոր տարիների աշակերտների անունից ուզում եմ շնորհավորել հանրապետության և սփյուռքի բոլոր ուսուցիչներին, վաստակած հանգստի անցած մանկավարժներին, մաղթել նրանց տոնական բարձր տրամադրություն, երջանկություն ու բարօրություն:

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել