Lragir.am-ը գրում է․
Մենք սիրում ենք համեմատվել հրեաների հետ: Նույնիսկ այն դեպքում, երբ համեմատություններն ամենևին տեղին չեն: Օրեր առաջ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթի այս երկու հատվածներից առաջինը ցույց տվեց, թե որքան մոտ ենք մենք ու հրեաները մեր անցյալով, իսկ երկրորդ հատվածը ցույց տվեց, թե որքան հեռու ենք իրարից՝ մեր ներկայով:

1. Յուրաքանչյուր սերնդնում գտնվել են այնպիսիք, ովքեր ցանկացել են ոչնչացնել մեր ժողովրդին: Հնագույն ժամանակներում մեզ փորձել են ոչնչացնել Բաբելոնի և Հռոմի կայսրությունները: Միջնադարում մենք բախվել ենք ինկվիզիցիային և տեղահանումներին: Արդի ժամանակներում մենք վերապրեցինք Հոլոքոստի ջարդերը: Չնայած բոոր այս փորձություններին, հրեա ժողովուրդը գոյատևեց:

Այժմ հայտնվել է ևս մի ռեժիմ, որը երդվել է ոչնչացնել մեր ժողովրդին: Այդ ռեժիմին արժե մտածել հետևյալ հարցի շուրջ. այսօր ես կանգնած եմ այստեղ և ներկայացնում եմ երիտասարդ Իսրայելի պետությունը, որն ընդամենը 67 տարեկան է, բայց և միաժամանակ՝ հնագույն մի ազգի, որի պատմությունը հաշվվում է շուրջ 4000 տարի: Ոչ Բաբելոնը, ոչ էլ Հռոմը, չունեն ներկայացուցիչներ ՄԱԿ-ում, ինչպես նաև հազարամյա Ռեյխը: Այս, թվացյալ անպարտելի կայսրությունները չկան նույնիսկ մեր տեսադաշտում: Բայց Իսրայելը կենդանի է: Իսրայելի ժողովուրդը կենդանի է:

2. Իսրայելը, առավել քան որևէ մեկը, կարող է իրականացնել 21-րդ դարի երազանքը: Իսրայելը գիտության և տեխնիկայի համաշխարհային առաջատար է կիբերանվտանգության, ծրագրային ապահովման, գյուղատնտեսության, բժշկության, բիոտեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում, որտեղ մենք հեղափախություն ենք իրականացնում՝ շնորհիվ իսրայելցիների հայտնագործությունների և նորարարությունների:

Իսրայելցիները նորարարությունների ժողովուրդ են: Իսրայելական նոու-հաուն ամենուր է: Ձեր համակարգիչների միկրոպրոցեսորներում և ֆլեշ կրիչներում: Ձեր սմարթֆոններում, երբ դուք ակնթարթորեն ուղարկում եք հաղորդագրություն կամ ղեկավարում եք մեքենան: Ֆերմաներում՝ կաթիլային ոռոգման ժամանակ, կամ երբ մթերքները և մշակաբույսերը պահում եք թարմ վիճակում: Ձեր համալսարաններում, երբ ուսումնասիրում եքՆոբելյան մրցանակակիրների հայտնագործությունները՝ տնտեսագիտության և քիմիայի բնագավառներում: Ձեր պոլիկլինիկաներում, երբ օգտագործում եք դեղամիջոցներ՝ բուժելու համար Պարկինսոնի հիվանդությունը կամ սկլերոզը: Եվ նույնիսկ ձեր ափսեների մեջ, երբ ուտում եք Չերրի մինի-տոմատները: Դրանք ևս իսրայելական հայտնագործություններ են:

Նեթանյահուի ելույթի առաջին մասը իսկապես խոսում է հայերի և հրեաների անցյալի նմանությունների մասին: Նմանություններ ոչ թե ուղղակի համեմատության, այլ երկու ժողովուրդների պատմական ճակատագրի ընդհանուր դասավորության իմաստով:

Թե հրեաները և թե հայերը պետականազրկվեցին ու հայրենազրկվեցին օտար նվաճողների կողմից: Ենթարկվեցին տեղահանությունների, ցրվեցին աշխարհի տարբեր անկյուններում՝ հայրենիքի կարոտը պահելով սրտերում և փոխանցելով սերնդե սերունդ: Երկու ժողովուրդներն էլ 20-րդ դարում ցեղասպանվեցին: Երկուսն էլ 20-րդ դարում վերականգնեցին իրենց պետականությունը՝ սեփական պատմական հայրենիքի մի մասում՝ շրջապատված թշնամաբար տրամադրված հարևաններով:

Սակայն, անցյալի նմանություններից առավել ակնհայտ է ներկայի տարբերությունները: Իսրայելը դարձավ Մերձավոր Արևելքի ամենաժողովրդավարական պետությունը, ինչը նրա գլխավոր հաղթաթուղթն է քաղաքակիրթ աշխարհում: Հայաստանը, անկախանալուց հետո դարձավ հետսովետական միջակ պետություն, որը շատ հեռու է ժողովրդավարական լինելուց:

Չունենալով բնական մեծ ռեսուրսներ, Իսրայելը շեշտը դրեց գիտական նորարարություների և բարձր տեխնոլոգիաների վրա՝ ստեղծելով իրապես գիտելիքահենք տնտեսություն: Չունենալով բնական մեծ ռեսուրսներ, Հայաստանը մինչ այժմ չկարողացավ զարգացնել բարձրագույն տեխնոլոգիաները և մսխեց իր նորարարական պոտենցիալը՝ ստիպելով, որ այն հեռանա սեփական հայրենիքից:

Իսրայելական համալսարաններն աշխարհի լավագույն համալսարաններից են, որտեղ տրվում է ժամանակակից ու մրցունակ կրթություն: Հայկական համալսարանները գիտության և նորարարության կենտրոններ դառնալու փոխարեն, դարձան առուծախի օջախներ, որտեղ մինչ այժմ դասավանդում են սովետական դասագրքերով և կադրային ռեսուրսներով:

Իսրայելցի գիտնականները կատարում են հեղափոխական նորարարություններ և արժանանում Նոբելյան մրցանակների: Հայաստանում ստեղծվեցին վատագույն պայմանները գիտությամբ զբաղվելու համար, իսկ գիտնականները թաղվեցին սոցիալական բեռի ծանրության տակ, որտեղ նույնիսկ խոսք չի կարող գնալ նոբելյան մրցանակի և հեղափոխական նորարարությունների մասին:

Իսրայելը աշխարհի հետ խոսում է հավասարը հավասարի հետ՝ որպես ինքնաբավ ու կայացած պետություն: Հայաստանը մինչ այժմ չի կայացել որպես ինքնաբավ պետություն և աշխարհի հետ չի խոսում հավասարը հավասարի հետ:

Հրեաները և հայերը շատ նման են իրար՝ անցյալով, բայց Իսրայելը և Հայաստանը շատ տարբեր են իրարից՝ ներկայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել