Մի ուսանելի լուր Բրազիլիայից... Հաղորդվում է, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ուրբաթ օրը հայտարարել է երկրի կառավարությունում կտրուկ բարենորոգումների մասին: Երկրում տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նախագահը որոշում է կայացրել լուծարել ութ նախարարություններ, իսկ որոշ նախարարություններ միացվել են իրար: Բացի դրանից Բրազիլիայի նախագահը 10%-ով կրճատել է իր աշխատավարձը, ինչպես նաև փոխնախագահի ու բոլոր նախարարների աշխատավարձերը: Նշվում է, որ այս ամենը նախագահի կողմից արվում է պետական ծախսերի նվազեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում:
Այս առումով կարելի է զուգահեռներ անցկացնել մեր երկրում տիրող պատկերի հետ: Ակնհայտ է, որ մեր մոտ էլ չհիմնավորված կերպով ուռճացված է պետական չինովնիկական ապարատը և վաղուց արդեն հանգիստ կարելի էր կրճատել կամ միացնել իրար որոշ նախարարություններ: Էլ չենք խոսում բազմապիսի բյուջետային ենթակառուցվածքների մեծ ու փոքր «պետերի» և այլ անիմաստ տարբեր հաստիքացուցակների առկայության մասին, որոնք «ձևավորվում» են խնամի-բարեկամական «ջերմ» մթնոլոտում: 
Բայց չէ որ ի վերջո դրա ծանր բեռը դրվում է մեր սովորական քաղաքացիների ուսերին՝ հենց նրանց գումարներով է ձևավորվում այդ աննպատակ «հաստիքատերերին» սնող պետական բյուջեն: Չի կարելի ամեն ինչ բարդել «արտաքին ուժերի» գործոնի վրա ու ոչ մի բան չձեռնարկել: Եթե իրոք ցանկանում ենք ԵՐԿԻՐ դառնալ՝ նախ պետք է սկսենք փոխել ինքներս մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել