Խենթություն իմ, կարոտ անգին թե ցնորք է պատել կրկին տառապագին, ընկեր թե գանձ, պատասխան է թե անպատասխան դարձած մի հարց, ո՞վ ես հիմա դու ինձ համար, լոկ ընկե՞ր ես քեզ համարում, թե՞ ավելին, քեզ գարո՞ւնն է կյանք պարգևում, թե՞ տողերս, ինքնահավան, ես եմ այո, ես մի հուժկու ծաղրածու եմ քո առաջին, սակայն հիմա անօրինակ րոպեներին հասկանում եմ՝ պետք է խոսեմ քեզ հետ ու գեթ, պետք է կիսվեմ կամ այլապես ինձ ուղարկեմ դարանակալ կամարներում փառք գտնելու, բայց գտել եմ, ընկերոջը թե ի վերուստ տրված մթում մեռնեմ ինչ է, հեռու-հեռու, բայց երազը խոսում է տես քո բերանում, հա երազը, դու տեսել ես, քանզի այսօր սա իրական ու պատահած դրվագ չէ սոսկ, սա երազ է, որ անցել է, ու հեքիաթասացը արդեն ծեր քեզ պատմում է, աղերսում է՝ մի արթնացիր, քանզի երազը այդ ահեղ կմոխրանա, կմոռացնի ինձ ու արագ կհեռանա կամ հեռացել է այն վաղուց, ու ինձ միայն հույսն է պահում բռնաբարված, ավաղ հիմա ես չեմ գրում երկու սրտի կամ ընդերքի մասին մեռած, այլ տողերը այս խորշոմած քեզ են երգում, քեզ են գրկում ու տարերքում քո վարսերն են իմ ձեռքերում, դու արև ես, գեղեցկուհի ու մի փերի, դու անդունդն ես նետում նրան, դու գնացքից վայր ես գցում այս էակին, որը իսպառ խորտակվում է, աչքեր անգին, ես սիրում եմ քո աչքերը, որպես ընկեր, թե պարզապես մի բազմակետ, որպես իմ խենթ, թե հիացմունք անցնող պահի, կարևոր չէ, ես սիրում եմ քո աչքերը, պեղումներից քո հուշերը, քո երազից մինչև գիշերն այս լուսացող, կարոտում եմ մերկ բառերը, որոնք մի պահ ընկերներին ողջունելով փուչ են դառնում, հաջորդ տողին տեղը տալով՝ հօդս են ցնդում ու ցնդեցնում այս պատանուն, որ խեղդում է քաղցը գինով, որ տանում է իրենց ծովը, խորքերը քո երազից վեր, ուր նավակն է, ուր դառնում են ասպետները մեծ հրեշներ, կործանում են կյանքերը ձեր, անիծում է երազաբեր սուրհանդակին հիվանդ հոգին ու երբեմնի գունավորված քառյակներին փոխ են տալիս արցունքները, վիշտը անսեր, ես գնում եմ, թողնում եմ քեզ միայն մոռացության խավարամիտ սև ապրումներ, կասկածյալի դեմքով դարձած բանտարկյալներ, պահ եմ տալիս դահիճներին քեզ իմ արև, քեզ իմ գարուն, բայց ոչ աստղեր, դրանք իմն են, թող որ մարեն հենց իմ ձեռքում, հավատարիմ սուրբ էակներ, որ փայլում են, ճառագում են, ոչ թե փակում քամիների մուտքը դեպ ներս, ես մրսում եմ, ցրտին, մթին, ես մրսում եմ, դողդողում եմ ու տագնապում այս պահերին քեզ հիշելիս, թեև չկա հիշողություն, թեև չկա ժպիտ կամ էլ մի բարկություն, բայց դողում եմ, որ էլ չկա կեսգիշերի թիթեռնիկը պատուհանիցս ներս նայող, որ չի լարում էլ կիթառս մեղեդին այն սիրտս ծակող, կամ էլ թերթս կրակներից այրվող, այրող, երախտապարտ պիտի լինեմ իմ երազին, որը ավաղ ինձ արթնացրեց, որ պարուրեց թախծոտ երգով, բայց իրական, որ մոռացրեց քեզ մի թասով, բայց արբեցնող ոդիսական, սիրում եմ քեզ, կյանք իմ անչափ անմարդկային, որ մարդկությանն այս թանկագին չես ծվատում, պահպանիր ինձ մեկ էլ աստղերն երազային...

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել