Օրեր առաջ զվարճալի իրավիճակի մեջ հայտնվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որի ներկայացուցիչները չէին հրավիրվել «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովին:
Իսկ զավեշտը ոչ թե նրանում էր, որ նրանց չէին հրավիրել, այլ այն, որ համաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Հայաստանում Էստոնիայի դեսպանատունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, իսկ «լուսանցքից դուրս մնալու հարցում» միությունը մեղադրում էր կառավարության աշխատակազմին:

Այնպես չէ, որ կառավարությունում (նախարարություններում) բոլորը «թագավոր տղերք են», այնտեղ հաճախ կարելի է հանդիպել «քառակուսի կամ տձև դեմքերի», նույնիսկ՝ հոգնած, աբիժնիկ նախարարների, սակայն հարցը նրանում է, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը միավորում է ոլորտի հայտնի ընկերությունների, 1-2 արկածախնդիրների պատճառով ստվեր է նետում նաև այդ ընկերությունների հեղինակության վրա:

Միության հայտարարության մեջ նշվում է, որ «Մենք երևույթը դիտարկում ենք որպես Հայաստանի կառավարության կողմից ՏՏ ոլորտն էլեկտրոնային կառավարման գործընթացներից մեկուսացնելու քաղաքականություն, այն գնահատում ենք անխոհեմ և ապազգային։
Այս հիվանադագին քաղաքականությունը նոր չէ, սակայն մենք այլևս անտարբեր չենք լինելու, քանի որ կարծում ենք, որ հիմնախնդրի պատճառ է նաև մեր հանդուրժողականությունը»:

Թե ինչո՞ւ է կառավարության հետ «ախպերության մեջ գտնվող» ու կառավարության արտոնություններից օգտվող միության ղեկավարությունը (չխառնել միության կազմում գրանցված ընկերությունների հետ) մեղադրում կառավարության աշխատակազմին «ապազգային» քաղաքականության մեջ, անհասկանալի է, մանավանդ, որ աշխատակազմից ի պատասխան նշել են, որ մասնակցել են բացառապես հրավիրյալի կարգավիճակով ու որպես ապացույց ներկայացրել հրավերը (հրավերի մեջ նշված է, որ կառավարության աշխատակազմի ղեկավարին հրավիրում են ներկա գտնվելու համաժողովին):

Հետևությունները երկուսն են. կամ միության գործավարությունը վրիպակ է թույլ տվել՝ սխալ տեղեկատվություն հաղորդելով միության ղեկավարության (այս պարագայում ներողություն խնդրելը նվազագույնը բարոյականության հարց է), կամ միության ղեկավարությունն ուղղակի փորձել է օգտագործել պահը ու, որոշակի «հետաքրքրություններից» ելնելով, արել հայտարարություններ, որոնք իրականում սպասարկում են միությունից դուրս գտնվող «սուբյեկտների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել