Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարվածության դեպքերին, ասաց, թե Հայաստանի զինուժը լիովին ի վիճակի է պաշտպանել երկրի սահմանները, հավելելով նաև, որ Արցախը պետք է լինի հիմնական բանակցային կողմ այս կոնֆլիկտի կարգավորման հարցով:

- Պարո՛ն Շիրխանյան, տարբեր փորձագիտական և քաղաքական շրջանակներից տեսակետներ են հնչում, որ ՀԱՊԿ-ը պետք է ներգրավված լինի սահմանային լարվածության դեպքերում:

-Եթե մենք խոսում ենք ՀԱՊԿ-ի պայմանագրից և պայմանագրային կետերի կատարման անհրաժեշտությունից, ապա ես այդպիսի անհրաժեշտություն չեմ տեսնում: Հայաստանի զինուժը լիովին ի վիճակի է հակադարձել, պաշտպանել երկրի սահմանները: Եվ այս պայմաններում դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, սխալ է և անթույլատրելի:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերի և հայտարարությունների վերաբերյալ հաճախ է ասվում, թե նրանք հավասարության նշան են դնում կողմերի միջև, այդպիսով ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի առնչությամբ:

-Նախ, եթե մենք մի փոքր հետ գնանք, ապա Մինսկի խումբը լիարժեք մանդատ էլ չունի այս խնդրով զբաղվելու: Մի քանի երկրների ղեկավարներ ստեղծել են այդ խումբը և ասում են, թե մենք կզբաղվենք. թող զբաղվեն: Բայց տարիները ցույց տվեցին մի բան, որ նրանք  կոնֆլիկտի լուծումով չեն զբաղվում, այլ այս տարածաշրջանում զբաղվում են սեփական ազգային, պետական շահերի առաջխաղացումով: Մենք դրանում համոզվել ենք: Հիշո՞ւմ եք, Մեթյու Բրայզային, իրենից առաջ մեկն էլ կար, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ եկավ, աշխատեց, գնաց, վերջում պարզվեց, որ  Ադրբեջանում ինչ-որ նավթային ընկերության բաժնետեր է: Սա մյուսների համար նույնպես բացառություն չէ: Կարծում եմ, որ համանախագահողների այդ բալանսավորված հայտարարությունը ոչ մի օգուտ չի տալիս հակամարտության կարգավորմանը: Նրանք պետք է կարողանան օբյեկտիվություն պահպանել, այնինչ, այդպես չէ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ասում է, թե մենք չենք կարող ասել՝ ով առաջինը կրակեց: Այսօր ամբողջ աշխարհը հսկողության տակ է տիեզերքից: Ուրեմն չե՞ն կարողանում վերահսկել այս տարածաշրջանը և տեսնել, թե ով խախտեց հրադադարի ռեժիմը: Չեն ուզում, ոչ թե չեն կարող, քանի որ գիտեն, արդյունքում դուրս է գալու, որ իրենց կողմից պաշտպանված Ադրբեջանն է մեղավոր: Նրանք Ադրբեջանի հետ հույսեր ունեն, Ադրբեջանը Եվրոպային խոստանում է գազ մատակարարել՝ ի հեճուկս Ռուսաստանի: Ադրբեջանն այնպիսի խնդիրների տակ է մտնում, որ պատկերացնելու բան էլ չէ, բայց արի ու տես, որ այդ երկրներն Ադրբեջանին դրա համար էլ պաշտպանում են, խոսում են տարածքային ամբողջականությունից և այլն:

-Բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ներգրավվածության վերաբերյալ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

-Այդ մասնակցությունը կար, սակայն հետագայում որոշվեց, որ դրա կարիքը չկա, ինչը Հայաստանի դիվանագիտության կոպտագույն սխալներից մեկն է եղել, որը ծանր հետևանքներ է ունեցել և շարունակում է ունենալ: Բանակցությունները պետք է անմիջական լինեն, իհարկե՛, Արցախը պետք է լինի հիմնական բանակցային կողմ այս կոնֆլիկտի կարգավորման հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել