Tert.am-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ամփոփել է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ու ընդունել նրանց 80 տոկոսը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Այն հիմնական առաջարկությունները, որոնք նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ հնչել էին խմբակցությունների, առանձին գործիչների կողմից, որոնք իսկապես միտված էին նախագծի բարելավվմանը, ընդունվել են 70-ից 80 տոկոսի չափով և ներառվել նախագծում»,- շեշտեց Հովհաննես Սահակյանը:

Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք փոփոխության ենթարկվել է բուռն քննարկման ենթակա դարձած կայուն մեծամասնության հարցը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ընդունել է այն առաջարկը, ըստ որի, կայուն մեծամասնության դրույթը պետք է ներառվի Ընտրական օրենսգիրք:

«Մասնավորապես երկրորդ փուլի մասին դրույթը փոխվել է, ձևակերպվել է «կարող է» բառով, այսինքն՝ կարող է անցկացվել երկրորդ փուլ, եթե կայուն մեծամասնություն չձևավորվի: Այս բոլոր հիմնական դրույթները կարգավորվելու են Ընտրական օրենսգրքով: Երբ նշանակվի հանրաքվեի օրը, ժողովուրդը կողմ քվեարկի նախագծին, նոր կբերվի Ընտրական օրենսգիրքը, որը կբխի այս դրույթներից և կքննարկվի ԱԺ-ում»,- նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ հիմնական մտահոգիչ հոդվածները իրենց լուծումն ստացել են, և մտահոգությունները փարատվել են:

«Վիճելի հարցերի մոտավորապես 80 տոկոսը, կարծում եմ, կստանան իրենց պատասխանը ներկայացվելիք նախագծում»,- ասաց Սահակյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ նիստում կներկայացվի սահմանադրական բարեփոխումների լրամշակված նախագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել