Tert.am-ը գրում է.

Սահմանադրությունը փոխվում է երկու պարագայում. առաջինը, երբ հասարակության ակտիվությունը այնքան է բարձրանում, որ իշխանության կենտրոնացում է  պահանջում և երկրորդը՝ երբ իշխանական ճգնաժամ է  լինում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին:

«Մեզ մոտ վերնախավը փորձում է իշխանության վերադասավորում կատարել, ուրեմն իշխանական վերնախավի ճգնաժամ է»,- ասաց նա և նշեց, որ եթե հանրաքվե լինի, ապա իշխանությունների մեծ մասը դեմ կլինի, քանի որ կկորցնեն իրենց պաշտոնները:  «Ընդդիմությունը կառուցողական առաջարկ չի անում, նա ընդամենը ժխտողական է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կրոնական կազմակերպությունների գործունեությանը՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ մասնավորապես եհովայի վկաների գործունեությունը մի քանի երկրում արգելված է: «Հայաստանում ևս կարող է արգելվել, սակայն պետությունը գիտի, որ նրանք բնակչության մի մասին կերակրում են»,- ասաց նա:

ՄԵԼ կազմակերպության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը անդրադառնալով աղանդավորների գործունեությանը՝ հայտարարեց, որ նրանք սկսել են զբաղվել բարձրաստիճան պաշտոնյաների կանանցով, դերասաններով:

Նա պաշտոնյայի կնոջ անունը թեև չցանկացավ հրապարակել, սակայն նշեց, որ նախկին  «Տնփեսա» հեռուստասերիալի Լիլիթը, ով ներկայանում էր սպասավորներից մեկի դերում, աղանդավոր է և թեև չգիտեր, թե որ աղանդին են նրանք պատկանում,  սակայն նշեց, որ նրանց հովվի անունը Զինաիդա է:  «Օրինակ՝ Աղվան Հովսեփյանի կինը եղել է աղանդավոր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների նախագծի կրոնին առնչվող հարցերին, բանախոսներն ասացին, որ այդ հարցում ոչինչ չի փոխվում:

««Աստծո կամք» աղանդը զբաղվում է խաբեբայությամբ և համագործակցում է Երևանի ավետարանական եկեղեցու հետ»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել