Արտաքին տնտեսական շուկաներում դեռևս առկա է աճի ցածր միտում: Մասնավորապես 2015թ.-ի երկրորդ եռամսյակում ԱՊՀ երկրների հանրագումարային ՀՆԱ-ն շարունակում է անկում ապրել: 2-րդ եռամսյակի տվյալներով՝ նվազումը կազմում է 4.4%, մինչդեռ 1-ին եռամսյակում անկումը ավելի մեղմ էր՝ 2.6%: Վերջինիս պատճառը հիմնականում ԱՊՀ-ի խոշոր տնտեսություն ունեցող երկրներում տնտեսական աճի բացասական միտումներն են, խոսքն առաջին հերթին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի տնտեսական անկման մասին է, ինչպես նաև Ղազախստանի տնտեսական աճի դանդաղման:

Երբ ուսումնասիրում ենք ԱՊՀ-ում 2015թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով տնտեսական աճի ցուցանիշները՝ ըստ երկրների, ապա առաջատարը Թուրքմենստանն է, որտեղ տնտեսական աճն 1-ին եռամսյակի տվյալներով կազմում է 8.7%, իսկ ամենածանր վիճակում գտնվում է Ուկրաինան, որտեղ տնտեսական անկումը կազմել է շուրջ 16.3%: Հարկ է նշել նաև, որ Հայաստանն ընդհանուր ֆոնին բավական լավ վիճակում է գտնվում կիսամյակային 3.8% ցուցանիշով: 
ՀՀ-ում 2015թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում արձանագրել է 5.1% տնտեսական աճ, որը պայմանավորված է եղել գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում տեղի ունեցած դրական տեղաշարժերով:

ՀՀ-ի արձանագրած ցուցանիշները կարևոր են այնքանով, որ նույն ժամանակահատվածում Ռուսաստանում և Բելառուսում տնտեսական անկում է գրանցվել համապատասխանաբար 3.4% և 3.3%, Ղազախստանում էապես դանդաղել է տնտեսական աճի տեմպը՝ կազմելով 1.7 տոկոս, իսկ Հայաստանն ու Ղրղրզստանը կիսամյակի արդյունքներով բավականին լավ ցուցանիշ են արձանագրել՝ 3.8% և 7.3% համապատասխանաբար: Հետաքրքրական է, որ թե Հայաստանում, թե Ղրղզստանում տնտեսական աճի մեջ զգալի է գյուղատնտեսության դերը:

Վերը նշված ցուցանիշները հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ ներկայիս իրողությունների ֆոնին ՀՀ տնտեսության արձանագրած աճի ցուցանիշը, թեկուզև ոչ մեծ, լուրջ ձեռքբերում է և պարարտ հող է նախապատրաստում 2016թ.-ին էլ ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել