Tert.am-ը գրում է.

Պետք է բանակցային գործընթացը շարունակվի, որովհետև այլընտրանք չկա։ Այս մասին«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործների նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով  ԼՂՀ խնդիրը կարգավորելու ուղղությամբ հեռանկարներին։

Հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով նրանք կոչ արեցին համաձայնության գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու հարցում, նախարարն ասաց. «Հայաստանը, ինչպես և Ղարաբաղը բազմիցս հայտարարել է, հաստատել է, որ համաձայն է այդպիսի մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանն է միշտ մերժում»,- ասաց նա և նշեց, որ այս անգամ Մինսկի խմբի համանախագահների կողմից  առավել հստակ էր կոչը։

Նա նշեց, որ եթե Ադրբեջանը մերժում է այդպիսի մեխանիզմների ստեղծումը, ուրեմն իր վրա է վերցնում այդ միջադեպերի և հրադադարի խախտման ամբողջ պատասխանատվությունը։ «Միջազգային հանրությունը հիմա լավ գիտի, թե ով է խախտողը և լավ գիտի, թե ով է հրաժարվում մեխանիզմներ ստեղծել, որոնք կարող են նաև կանխարգելիչ լինել»,- ասաց նա։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այժմ քննարկվում են եռանախագահների կողմից տարածաշրջան կատարելուց այցի  ժամկետները:

Ինչ վերաբերում է նախագահների մինչ տարեվերջ հանդիպում կազմակերպելու հնարավորությանը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ Երևանը միշտ կողմ է եղել այդպիսի հանդիպումներին։ «Սակայն այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն։ Թե այդ կարգի հանդիպումներին, թե այլ հանդիպումներին չեն նպաստում հրադադարի խախտումները և լարվածության ավելացումը, որի պատճառն Ադրբեջանն է»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել