Tert.am-ը գրում է.

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը,  արձագանքելով Tert.am-ի հարցին, թե ինչու Բելառուսը՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ստեղծած լարվածությանը, ասաց, թե անպայման չէ, որ Բելառուսը ամպագոռգոռ հայտարարություններ հնչեցնի: «Բավարար է այն, որ մեր զինված ուժերը սերտ համագործակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ, և բնական է, որ մենք հավատարիմ ենք համաձայնագրի մոտեցումներին»,- ասաց դեսպանը: Նա նաև շեշտեց, որ որքան արագ գտնվեն խնդրի լուծման տարբերակները, այնքան  մեծ կլինի հնարավորությունը պահպանել ներկայիս փխրուն խաղաղությունը:  

- Ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրացումը: Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմի կնքումից ի վեր առաջին անգամ օգտագործել է նաև 122 միլիմետրանոց ական, իսկ ղարաբա-ադրբեջանական շփման գծում թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչի արդյունքում մահացել են խաղաղ բնակիչներ:

- Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքներ տանող ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կատարում է աշխատանքը: Թե ինչո՞ւ է սրան զուգահեռ կիրառվում զենք, կա երկու պատճառ՝ կա՛մ զինվորականները չեն ենթարկվում իրենց ղեկավարներին, կա՛մ իրենք ստանում են նման հրամաններ: Այլ տարբերակ չկա: Բնականաբար, աննորմալ է, երբ շարունակում է արյուն հոսել, երբ գործի են դրվում հրանոթները: Պետք է փնտրել լուծման տարբերակներ: Որքան արագ գտնվեն այդ տարբերակները, այնքան  մեծ կլինի հնարավորությունը պահպանել ներկայիս փխրուն խաղաղությունը:

Բելառուսն ունեցել է և ունի այն դիրքորոշումը, որ զենքի միջոցով ցանկացած վեճ լուծելն անհնարին է: Պատերազմներից հետո, որքան էլ դրանք արյունալի չլինեին, բանակցությունների սեղանի շուրջ նստում էին դիվանագետներ, փորձագետներ ու փաստաթղթերի միջոցով ամրագրում բանակցային գործընթացի արդյունքները: Կարծում եմ, որ պետք է ևս մեկ անգամ բանակցություններ անցկացնել, քննարկել հարցը շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ:

- Որպես ՀԱՊԿ անդամ պետության ներկայացուցիչ՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում սահմանային լարվածությունը զսպելու գործին, թե՞ Ձեր պետության և Ղազախստանի հարաբերությունները, որոնք ՀԱՊԿ անդամ են, թույլ չեն տալիս Ադրբեջանի դեմ հայտարարություններ ընդունել:

- Բելառուսը միշտ հանդես է եկել որպես բազմակողմանի հարաբերությունների կողմնակից: Մենք չենք բաժանում պետությունները լավի ու վատի: Ադրբեջանի հետ կան տնտեսական մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են Բելառուսի կազմակերպությունների, ընկերությունների հետ, բայց սա ոչ մի կերպ չի ազդի ընդդեմ որևէ մեկի:

Ինչ վերաբերում է ամպագոռգոռ հայտարարություններին, ասեմ, որ միայն այն, որ Բելառուսը ՀԱՊԿ-ի համաձայնագրի կողմերից մեկն է, Հայաստան է ուղարկել իր զինվորներին՝ մասնակցելու ուսուցողական աշխատանքներին, արդեն իսկ ցուցանիշ է: Անպայման չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել: Բավարար է այն, որ մեր զինված ուժերը սերտ համագործակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ և բնական է, որ մենք հավատարիմ ենք համաձայնագրի մոտեցումներին: Բելառուսը երբեք այս ու այն կողմ չի ընկել, մենք միշտ եղել ենք խաղաղության կողմնակից: Կարծում եմ, որ առաջիկայում լարվածությունը կմեղմանա դիվանագիտական քաղաքական որոշումների արդյունքում:

Աշխարհը բարդ իրադրության մեջ է: Լարվածության կենտրոնները շատանում են: Տեսեք ինչ է կատարվում Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Այս ամենը չի կարող լինել, ցավոք, առանց զոհերի: Սիրիայի ժողովուրդն ընդհանրապես կանգնած է ոչնչացման առաջ: Այնուամենայնիվ, կրկնում եմ, ցանկացած ռազմական գործողություններ պիտի ավարտվեն բանակցություններով: Այն բարդ հարաբերությունները, որոնք կան Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ըստ իս, լուծելի են: Անձամբ ես կցանկանամ, որ լուծումը մաքսիմալ ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել