ՄԻԱԿ քարտուղար

Ուշադիր հետևել եմ Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում ԱԺ լրացուցիչ ընտրությունների ընթացքին: Դեռ ընտրարշավի կեսերից ինձ համար պարզ էր, որ ընդդիմադիր երկու թեկնածուների հաղթանակի շանսերը բավականին ցածր էին: Ակնհայտ էր, որ քաղաքական փորձառության առումով ընդդիմադիր թեկնածուները էապես գերազանցում են իրենց ՀՀԿ-ական մրցակիցներին և որևէ խնդիր չունեին իրենց իրական հնարավորությունները կոնկրետ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում հասկանալու համար: Սակայն հատկանշական է, որ նրանք ոչ միայն խուսափեցին նշել իրենց պարտության հիմնական պատճառները, այլև կարծես միտումնավոր շրջանցեցին դրանք: Իսկ իմ կարծիքով գոյություն ունի մեկ առանցքային պատճառ, որը հանգում է հայրենի ընդդիմության տարբեր թևերի միջև ներքին անտագոնիզմի երբեմն լատենտ, երբեմն էլ բավականին ակնհայտ դրսևորումներին: Օրինակ` ինչպե՞ս է ստացվում, որ Գյումրիում փաստացի ընդդիմադիր կուսակցության տարածքային կառույցը պաշտպանում է իշխանությունների թեկնածուին, իսկ մյուսներն էլ լավագույն դեպքում դրսևորում են կրավորական դիրքորոշում կամ ինչպե՞ս է ստացվում, որ Ստեփան Սաֆարյանի պաշտպանությամբ հանդես է գալիս ՀԱԿ-ից միայն մեկ քաղաքական միավոր` Ժողովրդական կուսակցությունը, իսկ մյուսները` անգամ ֆորմալ դաշինքային հարաբերությունների մեջ գտնվող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նորից լավագույն դեպքում պահպանում են չեզոք կեցվածք: Հարգելի ընդդիմադիր թեկնածուներ, միգուցե հենց այստեղ է թաղված «շան գլուխը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել