Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիացիոն խմբի կազմում, որը հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, ներառված է ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, հաղորդել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, նրա խոսքով՝ ավիախումբը հնարավորինս արագ է տեղակայվել։

«Մենք կարողացանք դա անել, քանի որ Թարթուսի նյութա-տեխնիկական ապահովման կետում կային անհրաժեշտ նյութական միջոցներն ու սարքավորումները։ Մնում էր միայն տեղակայել ավիացիան ու հասցնել որոշ սարքավորումներ»,-ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Կոնաշենկովը նաև հաղորդել է, որ գիշերը հարվածներ են հասցվել ԻՊ-ի 4 օբյեկտների։ Ընդհանուր առմամբ, 8 թռիչք է իրականացվել։

Նրա տվյալներով՝ «ոչնչացվել է Իդլիբ քաղաքում գտնվող ահաբեկչական խմբավորման շտաբն ու զինապահեստը, ինչես նաև Համա բնակավայրի մոտ գտնվող հրամանատարային կետը»։

Կոնաշենկովի խոսքով՝ ամբողջությամբ ոչնչացվել է պայթուցիկ նյութեր արտադրող գործարանը՝ Հոմսում։

Ռուս սպայի պնդմամբ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ չեն հասցվել, և մանավանդ այն շենքերին, որտեղ կարող էին խաղաղ բնակիչներ լինել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 30-ին Ռուսաստանն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայում։ Նշվում է, որ օդային հարվածը հասցվել է Սիրիայի արևմուտքում՝ Հոմս նահանգի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը ռազմական ավիացիա է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսի դիմումից հետո։

Ի դեպ, Ռուսաստանն ԱՄՆ-ից խնդրել է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ռուսական կողմն ավիահարվածներ է հասցրել ոչ «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել