Ժամանակակից աշխարհում, երբ ԶԼՄ-ները հիմնականում դարձել են ոչ թե զանգվածային լրատվական միջոցներ, այլ զանգվածային քարոզչական միջոցներ, մարդ փաստ է ուզում, ոչ թե ինֆորմացիա: Ուկրաինա, Սիրիա, Իրաք, այս երկրների կոնֆլիկտների կողմերից ամեն մեկը որևէ դեպքի մասին խոսելիս արմատապես տարբեր բաներ է ասում: Բոլորն էլ երբեմն ստում են, երբեմն`ոչ: Թացը չորից ջոկելը դժվար է շատ: Այս օրերին, երբ ՌԴ ռազմաօդային ուժերը ներգրավված են ԻՊ դեմ պայքարի գլխավոր շարքերում, կրկին սկսվել են քարոզչական մարտերը: Առաջին իսկ ավիահարվածներից հետո արևմտյան ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերի մասին, իսկ ռուսական ԶԼՄ-ները հայտնում էին, որ հարվածներ են հասցվել ԻՊ զինյալներին, և այդ շրջանում խաղաղ բնակիչներ չկան: Երկու կողմի ԶԼՄ-ներն էլ հեքիաթ պատմելուց լավ են, բայց հիշեցի մի քանի դեպք երկու տարի առաջ Սիրիայից: Ահաբեկիչները Դամասկոսի արվարձաններից մեկում ականապատ մեքենա էին պայթեցրել, իսկ արևմտյան ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Ասադի բանակն է ավիահարված հասցրել: Ռուս լրագրողները գնացին դեպքի վայր, նկարահանեցին և ապացուցեցին, որ այդ թաղամասը սիրիական բանակի խոր թիկունքում է, այսինքն՝ ավիահարված հասցնելու իմաստը բացակայում է: Հետո արևմտյան ԶԼՄ-ները աղմուկ բարձրացրեցին՝ իբր Ասադի հրամանով քիմիական զենքի կիրառում է տեղի ունեցել, որի «զոհերի» մարմինները տեսանկարահանվել էին, չմոռանանք, որ օրեր անց հայտնվեց ապացույց, որ դա կեղծ տեսանյութ է: Ասեմ ավելին, երբ նոր էր տարածվել հաղորդագրությունն իբր քիմիական զենքի կիրառման մասին, Մարատ Մուսինը և մյուս կամավոր լրագրողները կես ժամ անց մեկնեցին նշված վայր, առանց քիմիական պաշտպանության միջոցների շրջեցին տեղում, նկարեցին առանց այդ նույն միջոցներով կռվող սիրիացի զինվորների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել