Իսկ դուք գիտե՞ք, թե որն է Մադագասկարի մայրաքաղաքը կամ այդ երկրի գտնվելու տեղը, էլ չեմ խոսում պետական լեզվի մասին: Օրինակ՝ գիտե՞ք, որ Հնդկական օվկիանոսի տաք ջրերի հետ մարտնչող աֆրիկյան այդ կղզի-պետության մայրաքաղաք Անտանանարիվու քաղաքում որոշում կա կառուցելու... այո-այո, հայկական եկեղեցի, բա էլ ի՞նչ, եթե կառուցել, ապա եկեղեցի, եթե եկեղեցի, ապա` հայկական: Ճիշտ է, եկեղեցին դեռ չի կառուցվել, բայց հո որոշումը կա, տեղը հատկացրել են Անտանանարիվուի քաղաքապետարանից, չի բացառվում, որ շուտով Անտանանարիվուն և մեր Երևանը հայտարարվեն քույր քաղաքներ: Չնայած ավելի հավանական է, որ Անտանանարիվուի հետ քույրանա մեր Դիլիջանը կամ Իջևանը, քանի որ բնակլիմայական պայմաններով Մադագասկարի մայրաքաղաքը նմանություններ ունի անտառածածկ մեր այս քաղաքների հետ: Ի դեպ, անտառների մասին. մադագասկարյան անտառներում բնակվում է հայտնի լեմուրը, սա փոքրիկ կապկանման կենդանի է, ով բնակվում է ծառերի վրա, բայց մարդկանից հեռու, դե հիմա մարդը չի սիրում մարդկանց, հո չե՞ս մեղադրի: Չնայած այս հանգամանքին՝ մադագասկարցի մի շարք բանաստեղծներ փոքրիկ ոտանավորներ են ձոնել լեմուրներին, բայց վերջիններս իրենց մարտատյացության հարցում մնում են անդրդվելի: Մարդիկ էլ կղզում ստիպված, հույսները կտրելով լեմուրներից, զբաղվում են գյուղատնտեսությամբ, բրինձ, բամբակենի, սրճենի, մանիոկ, սորգո, բատատ աճեցնելով (վերջին երեքը չգիտեմ, թե ինչեր են), ինչպես նաև պահածոների, ծխախոտի, շաքարի արտադրությամբ, ջուլհակությամբ, հյուսածո իրերի պատրաստմամբ և ձկնորսությամբ: Այնպես որ, բոլոր նախադրյալները կան, որպեսզի ստեղծվի հայ-մադագասկարական գործարար խորհուրդ, և Մադագասկարից, օրինակ, շաքար ներմուծենք, ավելի ճիշտ` շաքար ներմուծի:
Բայց, դադարեցնենք այս հակամշակութային խոսակցությունը, հատկապես որ խոսելու ենք մշակույթից: Դուք երբևէ լսե՞լ եք Մադագասկարի՝ թեկուզ ոչ հինավուրց մշակույթի մասին: Իհարկե դա չի նշանակում, որ Մադագասկարը մշակույթի չունի, բայց դա նշանակում է, որ կղզուց այս կողմ այն չի տարածվել, գուցե այդ պատճառով էլ լեմուրները նեղացել են մարդկանցից և նրանցից հեռու են ապրում: Այդուհանդերձ, հենց այս երկրի հետ մենք ստորագրել են մշակութային համագործակցության մասին համաձայնագիր: Դե քանի որ ստորագրել ենք, ուրեմն ստանձնել ենք պարտավորություն` համագործակցելու նախկինում Ֆրանսիայի գաղութ եղած և 1960-ին անկախություն ձեռք բերած այս կղզի-պետության մշակութային գործիչների հետ: Ի դեպ, անունները գիտե՞նք:
Իսկ դուք գիտե՞ք, որ նույն Աֆրիկայում, բայց հենց մայրցամաքում Եգիպտոսից բացի մեկ այլ պետություն էլ կա (առնվազն)` Տոգոն: Սա ավելի լուրջ պատմություն է, օրինակ՝ ի տարբերություն Մադագասկարի՝ Տոգոյի ընդերքում ոսկի էլ կա, նավթ էլ կա, և այստեղ բացի կակաոյից, սրճենուց, յամսից ու սոգոյից, ինչպես նաև բրինձ աճեցնելուց և ձկնորսությունից զբաղվում են նաև նավթարդյունաբերությամբ և քիմիական արդյունաբերությամբ: Այսինքն, ստորագրելով ֆրանսիախոս Տոգոյի հետ մշակութային համագործակցության մասին համաձայնագիր, մեր որոշ օլիգարխներ` նկարիչ կամ պոետ անվան տակ, կարող են հանգիստ գնալ Տոգո և... նավթահորի տեր դառնալ: Հա, Տոգոյում, սակայն մի վտանգ կա, թալանողներին նետում են այդ երկրով հոսող Մոնո կամ Օտի գետերը, եթե, իհարկե, բաժին չեն տալիս Տոգոյի պատվավոր բնակիչներ համարվող առյուծներին, ընձառյուծներին և կամ ցեցե ճանճերին: Վերջիններս էլ լուրջ խնդիր են երկրի համար, որի կառավարությունը պահուստային ֆոնդ չունի, որպեսզի պայքարի ցեցեների դեմ: Այս առումով, թվում է, համագործակցության եզրեր կան. ՀՀ կառավարությունը կարող է իր պահուստային ֆոնդից պայքարել Տոգոյի ճանճերի դեմ (չխառնել պայքարելը ոչնչացնելու հետ), իսկ Տոգոյի կառավարությունը կարող է պայքարողներին մարդ ա մի հատ նավթահոր տա կամ ոսկու հանք: Մի խնդրանք էլ` Տոգո մեկնել պատրաստվող մեր օլիգարխներին, երբ այնտեղ ոսկի գնելիս լինեք, հանկարծ չասեք` «Լոմ է», քանի որ Լոմե-ն Տոգոյի մայրաքաղաքն է, ու աֆրիկյան այդ երկրում ձեզ կարող են մեղադրել անգրագիտության մեջ:
Վերջում խնդրում եմ հիշել այս անունները` Չադ, Բուկինա Ֆասո, Կոտ դը Իվուար, Անգոլա, Զիմբաբվե, Քենիա, Ջիբութի... Սրանք ևս աֆրիկյան երկրներ են, որոնց հետ մենք չունենք մշակութային համագործակցության մասին համաձայնագրեր, դեռ չունենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել