Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերի հարցում Հայաստանի իրավական գործողությունների շրջանակը լայն է և կարող է կիրառվել ըստ պահի անհրաժեշտության, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ադամ Կարեն Բեքարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է նշանակում այն, որ ՀՀ Նախագահն իր ելույթում ասաց, որ եթե Ադրբեջանն այսպես շարունակի, մենք կդիմենք իրավական և ռազմաքաղաքական քայլի, սակայն մինչ հիմա ռազմական քայլերն են երևում, ինչը նաև քաղաքական ենթատեքստ է ունեցել, իսկ իրավականի մասին արտահայտությունը նոր է։

«Ասել, որ սա առաջին անգամ է, այդքան էլ չէի համաձայնի, քանի որ մի շարք անգամներ ՀՀ բարձր ղեկավարությունն ասել է, որ մենք ստիպված կլինենք դիմելու համարժեք քայլերի՝ չառանձնացնելով իրավական, քաղաքական, ռազմական հարց, բայց դրա տակ նաև ընկալվել է, որ այդ գործիքակազմի մեջ բոլոր ուղղություններն էլ կարող են առկա լինել: Այդ տեսակետից սա առաջին անգամը չէի համարի, ավելի շատ կարելի է ասել, որ ավելի հստակեցում է տեղի ունեցել»,– մեկնաբանեց պատգամավորը:

Այս առիթով Կարեն Բեքարյանն ասաց, թե ռազմական սցենարը բոլորն էլ պատկերացնում են, ապա հիշեցրեց նաև պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի խոսքը՝ թե Հայաստանը հնարավոր է ամեն ինչի գնա, որպեսզի Ադրբեջանին պարտադրի նոր համաձայնագիր՝ զինադադարի նոր պայմաններով:

«Ինչ վերաբերում է իրավականին, ապա շատ կուզենամ, որ մենք իրավականը երբեք չընկալենք մեկ գործողության համատեքստում, որովհետև այդ գործողությունների շրջանակը լայն է և կարող է կիրառվել ըստ պահի անհրաժեշտության: Եվ եթե դա չի կիրառվել մինչ օրս, դա եղել է ՀՀ կողմից այն կառուցողական ռեսուրսը, որը դրվել է բանակցային սեղանին»,-ասաց Կարեն Բեքարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել