Ստյոպա Սաֆարյանն այս անգամ 3 անգամ քիչ ձայն հավաքեցՀիստերիա, հիասթափություն ու վիրավորանք: Եթե ինձ խնդրեք երեք բառով նկարագրել թիվ 1 ընտրատարածքի խայտառակ ընտրություններից հետո համացանցում տիրող իրավիճակը, ապա գնահատականս այսպիսին կլինի: Հիասթափված են բոլորը… Ու խնդիրն այստեղ 1 ընտրատարածքը չէ: Հիասթափվածներից յուրաքանչյուրն իր մտքում Ավանում կատարվածը պրոյեկտում է նախագահական ընտրությունների վրա ու հասկանում, որ կատարելության հասած այս ընտրակեղծիքների գործարկման պարագայում նույնը մեզ սպասելու է նաև նախագահականի ժամանակ:
Իհարկե, համացանցում ստեպ-ստեպ հանդիպում են նաև Ավանի ընտրությունների անաղարտությունը փառաբանող գրառումներ ու տեսակետներ ևս, բայց գաղտնիք չէ, թե դրանք ում գրչով և ինչ նպատակով են գրված: Բայց թերևս ամենազավեշտալի տեսակետը, որին հանդիպեցի Slaq.am-ում էր, որտեղ հեղինակը բավական պրիմիտիվ կերպով և հավանաբար ինքն էլ իր գրածին չհավատալով փորձում էր վերլուծել, թե ինչու այսպես ստացվեց, և ինչու Ստյոպա Սաֆարյանը այս անգամ հավաքեց 3 անգամ ավելի քիչ ձայն, քան` նախորդ անգամ: 
Մեջբերում եմ
«Նախորդ անգամ, ակնհայտ է, որ Ստյոպա Սաֆարյանի օգտին քվեարկել էին, այսպես ասած, Ռուբեն Հայրապետյանին դեմ մարդիկ, ովքեր չէին ցանկանում իրենց պատգամավորը լինի Ռուբեն Հայրապետյանը: Այլ կերպ ասած` «Ժառանգության» թեկնածուն այլընտրանք էր: Այս անգամ, սակայն, իրավիճակն ակնհայտ տարբեր էր: Քանի որ Տարոն Մարգարյանն ակնհայտ սեր և հարգանք է վայելելու յուրաքանչյուր երևանցու և մասնավորապես Ավան վարչական շրջանի բնակիչների շրջանում, ուստի Ռոբերտ Սարգսյանի անունը չէր կարող չկապվել Տարոն Մարգարյանի բարի համբավի հետ: Ռոբերտ Սարգսյանը հին հանրապետական է, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, դա արդեն խոսուն փաստ է, բայց որ ավանցիներն առավել շատ նրան վստահել են Տարոն Մարգարյանի շնորհիվ, դա ևս փաստ է»: 
Ռոբերտ Սարգսյանի իրականացրած մեգածրագրերին այսքան քաջածանոթ հեղինակը ցավոք չի նշում, որ բացի Տարոն Մարգարյանի բարի համբավի հետ կապվելուց Սարգսյանի անունն արդեն կսկսի կապվել նաև ցուցակները ձեռքները ֆռռացող կանանց, գծից հանված գազելի շոֆեռների, սարի հետևում գայլեր տեսնող տղաների, աչքերն արյուն կոխած տաքսի սերվիզների վարորդների հետ ևս: 
Ամեն դեպքում ուշադիր հետևելու եմ այսքան խելացի հայացքով մեր աներձագի հեղինակած օրենքներին: Չնայած ներքին համոզմունք ունեմ, որ աներձագը օրենք գրողը չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել