Թիվ 1 ընտրատարածքի «անարդար», ՀՀ Ընտրական Օրենսգրքի «կոպիտ» և «խիստ կոպիտ», «խախտումներով լեցուն» ԱԺ պատգամավորության մեծամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ

Երեկ անձամբ շրջել եմ ընտրատեղամասերով և ուշադիր հետևել թե՛ լրատվական կայքերին, թե՛ ֆեյսբուքյան գրառումներին, ինչին ցանկացա անդրադառնալ.

1. «Կոպերֆիլդ» թանաքը, որը 15 ր-ում հօդս է ցնդում անձնագրի վերջին էջից.
Բնականաբար, պետք է աղմուկ բարձրացվեր, որ մի քանի տեղամասերում նման դեպքեր են եղել, արձանագրություններ կազմել, ԿԸՀ ահազանգել.... Հիրավի՛, շատ ճիշտ է դա: Բայց դա հիմք չէ հանդիսանում, որ մարդիկ ասեն, որ ընտրությունները կեղծելու համար է դա այդպես արվում և այլն... Չէ՞ որ դա զրպարտություն է, եթե հիմքեր չունես: Կարելի է ռացիոնալ լուծում գտնել. լավ խառնել թանաքամանը, իսկ եթե դա չի օգնի, այլ թանաք ավելացնել... Եվ հարցը կարգավորված է: Կամ, եթե մտավախություն կա, որ ինչ-որ մեկն երկրորդ անգամ պետք է մտնի քվեարկելու, մի՞թե այդքան թերահավատորեն եք մոտենում ընտրատեղամասում գտնվող ձեր վստահված անձանց: Մի՞թե նրանք չեն կարողանա դա կանխել: Չէ՞ որ երեք թեկնածուներն էլ բոլոր տեղամասերում թե՛ վստահված անձ, թե՛ հանձնաժողովի նախագահ ունեին...
2. Տաքսիներ, երթուղային տաքսիներ, սայլակներ և ֆայտոններ.
Եթե նման բան էլ եղել է: Խնդրում եմ, որ Ընտրական Օրենսգրքում ինձ մի կետ գոնե ցույց տաք, որն արգելում է սեփական միջոցներով տրանսպորտ տրամադրել ընտրողին, որ նա գնա ընտրության: Կա՞ նման կետ: Եկեք չմոռանանք, որ երթուղային տաքսիներն ու տաքսիներով զբաղվում են կա՛մ ՍՊԸ-ները, կա՛մ ԱՁ-երը: Եվ օրենքի ոչ մի կետ չի արգելում մարդկանց օգնելը: Դա ո՛չ ընտրակեղծիք է, ո՛չ էլ՝ ընտրակաշառք:
Անձամբ ես երեկ մի տարեց կնոջ ընկերոջս մեքենայով տարել եմ ընտրատեղամաս, քանի որ մենք էլ էինք այդ նույն տեղամաս գնում, և ինձ առհասարակ հետաքրքիր չէր, թե նա ո՞ւմ է ընտրելու, ինչ սկզբունքով և ինչի համար...
3. Մարդիկ, ում ձեռքում ինչ-որ ցուցակներ կային.
Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հանգիստ կարող է մտնել և ընտրողների ռեգիստրից ճշտել, թե տվյալ շենքից ո՞վ է ընտրելու... Ընտրական Օրենսգրքում ցույց տվեք ինձ մի կետ, որն արգելում է ՀՀ քաղաքացուն մեկ այլ ՀՀ քաղաքացուն հորդորել, որպեսզի նա մասնակցի ընտրություններին:
Իսկ տեղեկացված լինելը միայն վկայում է այն մասին, որ նախընտրական շտաբը ճիշտ է կազմակերպում իր աշխատանքը: Մի՞թե նախընտրական շտաբը չպետք է ծանրութեթև անի, թե մոտավորապես ձայների ի՞նչ տոկոս է նա հավաքելու: Չեմ կարծում, որ մոլորակով մեկ կարելի է գտնել մի քաղաքական ուժ, որը հետաքրքրված չէ դրանում: Արգելվա՞ծ է օրենքով... Ո՛չ:
4. Ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ և այլն... Կա՞ն անժխտելի ապացույցներ: Ես՝ լինելով ՀՀ քաղաքացի, կցանկանայի իմ աչքով տեսնել դրանք: Չէ՞ որ դա իմ իրավունքն է: Իսկ դրանց բացակայությունը կոչվում է ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ... Այլ անուն էլ կարող է ունենալ, որն օրենքով պատժելի է...
5. Թե՛ Ստյոպա Սաֆարյանին կցանկանայի տեսնել ԱԺ-ում, քանի որ տեսնում եմ նրա պատրաստակամությունն ու աշխատասիրությունը, անմիջականությունն ու նոր մոտեցումները, թե՛ Ռոբերտին Սարգսյան, ով ըստ պատշաճի կատարում է իր աշխատանքը, ինչի հիման վրա էլ իրավունք ունեմ ենթադրելու, որ ըստ պատշաճի էլ կստանձնի պատգամավորությունը: Երրոդ թեկնածուի մասին բան չեմ կարող ասել, քանի որ ընդհանրապես տեղյակ չեմ իրենից...
Եթե վերոնշյալ կետերը վկայում են ոչ լեգիտիմ ընտրությունների մասին, ապա կներեք իհարկե ինձ, բայց պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել՝ մոլորեցնելով ուրիշներին:
Հ.Գ. Անկեղծ ասած, ինձ համար մեկ էր, թե ով կանցնի: Կարևորն այն է, որ նա հանուն լավ Հայաստանի ծառայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել