Tert.am-ը գրում է.

Դերասան, հաղորդավար, պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը խոստովանում է` իր պարագայում կինոն երբեք չի հաղթի թատրոնին: Այս մասին բազմաթիվ դերեր մարմնավորած դերասանը խոստովանեց երկրպագուների և մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Հրանտ Թոխատյանը` թատրոնի ու կինոյի մասին

Ես նկարահանվել չեմ սիրում: Սիրում եմ թատրոնը. ինձ հոգեհարազատ է բեմը, բայց կինոն երբեք չի հաղթի թատրոնին: Ես միշտ խաղացել եմ այն, ինչ ցանկացել եմ, այն, ինչը հոգեհարազատ է: Շուտով կլրանա 40 տարին, որ բեմի վրա եմ. խաղացել եմ այն, ինչ գրել են իմ ընկերները:

Միշտ երազել եմ ծաղրածու լինել…

Իմ սերունդը տիեզերք թռչելու, նավաստի դառնալու ցանկություն ուներ: Ես միշտ երազել եմ լինել ծաղրածու, հուսով եմ, որ մի օր կդառնամ: Բարեբախտաբար, այն երջանիկներից եմ, որ հնարավորություն է ունեցել շփվել Լեոնիդ Ենգիբարյանի հետ: Իմ հայրիկը բավականին լավ հարաբերություններ ուներ նրա հետ, ամենամեծ ազդեցությունը նա թողեց ինձ վրա: Կրկեսն էի համարում ինձ ապագա:

Հիմա հումորը զիջում է

Հումորը կապ չունի լավ կամ վատ ապրելու հետ: Աստծո կողմից կամ տրված է, կամ` ոչ, ձեռքբերովի չէ: Հումորը խորհրդային տարիներին կար և բարձր մակարդակի էր, հիմա այն զիջում է խորհրդային տարիների հումորին:

Կարսի տուն այցելելու մասին

Հիմա Կարսի մեր տանը քրդական ընտանիք է ապրում: Եղել եմ հյուր իմ պապական տանը, բակում դիմավորեցին, տուն, ցավոք, թույլ չտվեցին մտնել: Շատ էի ուզում ներս մտնել: Դժվար է փոխանցել այն զգացումները, որ ապրեցի: Հիմա այդ տանն օտարներ են ապրում:
..Իմ տոհմն իմ ներկան է, նաև` ապագան: Ես չէի գնացել որևէ պատմական վայր, վերադարձել էի տուն, ուզում էի հասկանալ` ինչ է նշանակում լինել կարսեցի: Այդ տան մասին այնքան պատմություններ են եղել, լեգենդներ: Կարսն ինձ համար շատ հոգեհարազատ է, ես օտար տեղ չէի, տանն էի:

Մասնագիտական քննադատություններ չեմ ընդունում

Քննադատությունները, որոնք վերաբերում են իմ անձին կամ քաղաքական դիրքորոշմանը, ես կարող եմ ընդունել կամ բանավիճել դրանց մասին: Մասնագիտական տվյալներին վերաբերող քննադատությունները չեմ ընդունում, որովհետև չկա որևէ քննադատ, ով կարող է քննադատել այն, ինչ ես անում եմ: Ցավոք, այսօր չունենք նման մասնագետներ:

..Դերասանի աշխատանքն աշխարհի ամենալավ մասնագիտություններից է: Նա պետք է լավ ապրի, բեմի վրա խաղալիս նրա աչքերում չպետք է մատնաքաշներ լինեն: Դերասանը պետք է լինի կուշտ, լավ ջուր խմած: Մեզ մոտ ինստիտուտում սովորեցնում են, որ դերասանը պետք է վիզը ծուռ լինի, աղքատ, նորմալ մարդը չի կարող արվեստով զբաղվել: Ո՞վ է ասում: 21-րդ դարն է: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, իմ ուժերով թատրոն եմ կառուցում և կիրականացնեմ դա:

«Վերջին Մագիկյանը» սերիալը Հայաստանում քիչ հետաքրքրությամբ է դիտվում

Ռուսական ֆիլմ է, հեղինակները ուկրաինացիներ և բելառուսներ են, ոչ մի հայ չկա, կինոն նկարահանում է վրացին, պրոդյուսերն աբխազ է: Միակ հայկական բանը ես եմ: Երբեմն նրանք անիմաստ բաներ են գրում, իրենք մեղք չունեն: «Մագիկյանը» ավելի քիչ հետաքրքրությամբ է դիտվում այստեղ:

Ոչ ոք չէր հավատում սերիալի հաջողությանը. մեկ եթերաշրջան պետք է գնար և ավարտվեր, հիմա հինգերորդն է և դեռ շարունակվում է: Դժվար է հասկանալ դրա հաջողության գաղտնիքը: Այն հաճույքով դիտում են Վրաստանում` վրացական թարգմանությամբ: Շատ զվարճալի էր լսել ինձ` վրացերեն խոսելիս:

Կոչումների ու հանդիսատեսի կարևորությունը

Կոչումները սպառված են շատ վաղուց, ժամանակին` 2004 կամ 2005 թվականին, վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել եմ: Ինձ հետաքրքիր էր` ինչի համար են տվել, ինձ պատասխանեցին` Թատրոնի միջազգային օրն է, ցուցակով կոչում ստանալու ժամանակն էր, բայց ես այդ թատրոնում վաղուց չէի խաղում:

Այս անգամ բացատրեցին, թե ինչի համար է ժողովրդական արտիստի կոչումը: Ես ասացի, որ ամենամեծ կոչումը դերասանի համար իր հանդիսատեսի ծափահարություններն են: Եթե դահլիճում 5 հոգի է նստած, հերոսի կոչում էլ տան` չի փրկի, բայց եթե լեփ-լեցուն դահլիճ է, ծափահարում են արդեն 40 տարի, ամեն ինչ այլ է: Կոչումը ստանալուց հետո ինձ զանգահարեց մի թղթակից և հարցրեց, թե առավոտյան ինչպես եմ արթնացել: Ես էլ պատասխանեցի` նախաճաշեցի և գնացի աշխատանքի: Կողմ եմ, երբ պետությունը շքանշաններ է տալիս զինվորներին, ինչ-որ բարձունքի հասածներին: Կոչումները պետք է վերանան: Նորմա մարդը կոչման համար չպետք է աշխատի:

Մանկական թատրոն ստեղծելու մասին

Իմ երազանքն է ստեղծել մանկական թատրոն, և այն կիրականացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել