Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը վաղուց արդեն Ռուսաստանին իր թշնամին է հայտարարել, հաղորդում է gazeta.ru-ն:

«Գաղտնիք չէ, որ այսպես կոչված «Իսլամական պետությունը» վաղուց արդեն Ռուսաստանին իր թշնամին է հայտարարել»,- հայտարարել է Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

Նա նշել է, որ ահաբեկիչների կողմից կռվում են տարբեր երկրների հազարավոր քաղաքացիներ, և «եթե նրանք հաջողության հասնեն Սիրիայում, նրանք անպայման կվերադառնան իրենց երկրներ, կգան նաև Ռուսաստան»:

Պուտինը նաև նշել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միակ ճիշտ ճանապարհը:

«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միակ ճիշտ ճանապարհը, իսկ Սիրիայում և իր հարևան երկրների տարածքում գործում են հենց միջազգային ահաբեկիչների խմբավորումներ, դա գործելն է նախօրոք, պայքարելն է և ոչնչացնելը գրոհայիններին և ահաբեկիչներին նրանց կողմից արդեն գրավված տարածքներում, չսպասելը, թե երբ նրանք կգան մեր տուն»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է նաև, որ Մոսկվան չի պատրաստվում ամբողջությամբ մտնել սիրիական կոնֆլիկտի մեջ:

«Առաջին հերթին, մենք աջակցելու ենք սիրիական բանակին բացառապես հենց ահաբեկչական խմբավորումների դեմ իր օրինական պայքարում, երկրորդ հերթին, աջակցությունն իրականացվելու է օդից՝ առանց ցամաքային գործողություններին մասնակցության»,- ասել է Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայում:
Նշվում է, որ օդային հարվածը հասցվել է Սիրիայի արևմուտքում՝ Հոմս շրջանի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել