Ամերիկացիները չեն մարսում Սիրիայում պարտությունը և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում այդ թվում նաև Հայաստանի համար: Երեկ հայտնի դարձավ, որ Թալիբան շարժումը հաշված ժամերի ընթացքում գրավել է Աֆղանստանի Կունդուզ նահանգը և արդեն պատրաստվում է գրոհ ձեռնարկել Քաբուլի վրա:

Սակայն ակնհայտ է, որ այս ամենում էլի Քեռի Սեմի մատն է խառը, ու անկախ նրանից, թե բուն Աֆղանստանում էլ որտեղ կգրոհեն թալիբներն ու այլ ծայրահեղական էլեմենտները, խնդիրը նրանում է, որ Կունդուզ նահանգը սահմանակից է Տաջիկստանին, ընդ որում, Տաջիկստանի այն գավառներին, որոնք քաղաքացիական պատերազմի ժամանակ վերահսկվում էին նույն աֆղան ու տաջիկ ծայրահեղականների կողմից, ովքեր պայքարում էին աշխարհիկ ռեժիմի դեմ:

Ամենայն հավանականությամբ, արդեն ամենամոտ ապագայում մարտական գործողությունները կտեղափոխվեն Տաջիկստանի տարածք, որովհետև ԱՄՆ-ին հիմա օդի ու ջրի պես պետք է մտխլել Ռուսաստանի շուրջ գտնվող բոլոր ցավոտ կետերն Ուկրաինայի ու Սիրիայի ֆիասկոներից հետո: Ներկա դրությամբ այդ կետերից մեկը հենց Տաջիկստանն է, որը կարող է պայթել ներսից, եթե իլամիստներն էլի սկսեն ներթափանցել երկիր: Մեզ համար այս իրավիճակը տհաճ է նաև նրա համար, որ եթե Տաջիկստանում էլի բախումներ սկսեցին, ու Տաջիկստանը դիմեց ՀԱՊԿ, ապա մենք պարտավոր ենք ռազմական աջակցություն ցուցաբերել ու վտանգել մեր զիծառայողներին:

Բացի դրանից, ամենևին չեմ բացառում, որ ԱՄՆ-ը սկսի, իսկ ավելի ճիշտ՝ շարունակի հրահրել նաև Ադրբեջանին, որովհետև Ռուսաստանի մյուս ցավոտ կետն Անդրկովկասն է, որն իսկույն կպայթի, եթե վերսկսվի Արցախյան պատերազմը: Հավատացեք, ամերիկացիք ոչ միայն ոչինչ չեն կորցնում, այլև շահում են դրանից, և կարող եմ գրազ գալ, որ լարվածության այս նոր էտապի հետևում էլ կրկին ԱՄՆ-ն է կանգնած:

Այնպես է ստացվել, որ մենք հերթական անգամ հայտնվել ենք մեծ գերտերությունների մեծ խաղի կիզակետում, և այժմ անչափ կարևոր է չկրկնել ավանդական սխալներն ու հստակ հասկանալ, թե ով է քո թշնամին, և ով է քո ընկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել