Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ բացառիկ հարցազրույցում ասում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը իրենք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում վերսկսած լարվածության մասին և պահանջել, որ զինադադարը հարգվի և պահպանվի: Համանախագահը նաև նշում է, որ իրենք շատ մտահոգված են, որ ծանր զինատեսակներ են կիրառվում, ինչի հետևանքով անմեղ քաղաքացիական անձինք են զոհվում։ Ջեյմս Ուորլիքը նաև նշել է, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչև տարեվերջ։

– Պարո՛ն Ուորլիք, Դուք հանդիպել եք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Որո՞նք են տպավորությունները:

– Մենք շատ ուրախ էինք հանդիպել Նախագահ Սարգսյանին: Ինչպես և սպասվում էր, մենք խոսեցինք վերջին շրջանի սահմանային լարվածության մասին, մենք խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորության մասին, որ հնարավոր է տեղի ունենա մինչև տարեվերջ: 

– Դուք հանդիպել եք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

– Այո՛, նախորդող օրերին:

– Որո՞նք են հանդիպման արդյունքները, կա՞ն որևէ ընդհանուր եզրեր շարունակելու բանակցությունները:

– Իհարկե, առաջին հերթին մենք խոսել ենք վերսկսած սահմանային լարվածության մասին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծի և մենք պահանջեցինք, որ զինադադարը հարգվի և պահպանվի: Մենք խոսեցինք նաև երկու նախագահների հանդիպման մասին, որը նախատեսված է մինչև այս տարեվերջ, խոսել ենք երբ դա կարող է տեղի ունենալ, ինչպես նաև այդ հանդիպման օրակարգը:

– Մի քանի անգամ այդ հանդիպումը հետաձգվել է: Վստա՞հ եք, որ մինչև տարեվերջ այն տեղի կունենա:

– Դա նախագահներից է կախված: Մենք ցույց ենք տալիս հնարավոր ժամկետները, վայրերը, բայց անշուշտ, ամեն ինչ իրենցից է կախված:

– Հայաստանի հանրությունը հիասթափված է սահմանային լարվածության առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի անատամ հայտարարությունից, հատկապես, որ Ադրբեջանական կողմն է հրահրողը: Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող լինել ավելի հստակ և հասցեական իր հայտարարություններում:

– Ինչպես եռանախագահողներն արձանագրել են իրենց հայտարարության մեջ, շատ դժվար է իմանալ, թե ով և երբ է բռնությունն առաջինը սկսել, ամեն կողմ մյուսին է մեղադրում: Բայց մենք ընդգծել ենք երկու կողմին էլ, որ զինադադարը պետք է հարգել, և մենք շատ մտահոգված ենք, ծանր զինատեսակի կիրառմամբ, և անմեղ քաղաքացիական անձանց մահվամբ, որն անընդունելի է և պետք է խուսափել դրանից ապագայում:

– Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է սահմանների մոնիտորինգ, որն Ադրբեջանը շարունակաբար մերժում է: Ինչպե՞ս է հնարավոր սահմանային լարվածության թուլացմանն ուղղված մոնիտորինգը ի վերջո կարգավորել ավելի տրամաբանական ժամկետներում և մեթոդով:

– Մեր հայտարարության մեջ մենք ասել ենք, որ կա ԵԱՀԿ հետաքննության անհրաժեշտություն և մեխանիզմ: Երկու նախագահներն ասել են, որ պատրաստ են դա քննարկել են, մենք էլ պատրաստ ենք դա քննարկել, առավել ևս, որ դրա կարիքը կա:
 

– Պարոն Ուորլիք, ո՞ր փուլում է գտնվում բանակցային գործընթացը: Ի վերջո, նախագահները ո՞ր կետից են շարունակելու բանակցությունները, սկսելու ենք զրոյի՞ց, թե՞ շարունակելու ենք աշխատել Մադրիդյան սկզբունքների վրա:

– Նախագահներն ասել են, որ ցանկանում են ունենալ ինտենսիվ երկխոսություն և մենք կաջակցենք դրան: Այդ երկխոսությունը հիմնված է որոշակի սկզբունքների և տարրերի վրա, որոնց վերաբերյալ արդեն կա համաձայնություն: Դա այս տարիների ընթացքում քննարկումների շրջանակն է, և մենք ցանկանում ենք դրա վրա կառուցել ապագայի համապարփակ համաձայնությունը:

- Ձեր կարծիքով, արդյո՞ք կարող եք ասել, որ վերջին ամիսների ինտենսիվ լարվածության պատճառով, ըստ էության, 1994 թվականին ստորագրված զինադադարն այլևս չի աշխատում:

– Զինադադարը խախտված է, այն ձեռք է բերվել ավելի քան 20 տարի առաջ, բայց այն դեռ ուժի մեջ է և մենք կողմերին կոչ ենք անում հարգել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել