Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը երբեք չդիմի լայնածավալ պատերազմական գործողությունների, որովհետև սարսափում է սահմանին խաղաղարար ուժերի առկայությունից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ նշելով, որ վերոնշյալ ուժերի հնարավոր առկայությունը առաջին հերթին պետք չէ Ադրբեջանին, հետո նոր միայն Հայաստանին։

«Վերլուծություն կա, թե ամեն անգամ, երբ պետք է Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնյանների միջև հանդիպում լինի, կամ Մինսկի խմբի հետ, Ադրբեջանը լարում է սահմանային իրավիճակը։ Իրականում այստեղ ավելի խորը հարցեր կան։ Ադրբեջանը գնում է այդպիսի քայլերի ոչ թե նրա համար, որ ինչ-որ բանի նախօրյակն է, այլ կան ներքին քարոզչական խնդիրներ, Մերձավոր Արևելքում զարգացող գործընթացներ և այլն։ Բաքուն նաև փորձում է սահմանների կայունությունը, ստուգում է մեզ, ստուգում է ՀԱՊԿ-ի արձագանքը»,-ասաց նա։

Ալեքսանդր Մանասյանը նաև նշեց, որ Ադրբեջանում գիտակցում են նաև, որ սահմանային սրացումներից բացի կան նաև վտանգներ՝ ներքին բողոքի ձայնի բարձրացում, միջազգային վարկի անկում՝ որպես անհուսալի գործընկեր, ընկճվածության խորացում հասարակության ներսում։

«Վստահ եմ, որ պատերազմի վտանգ չկա, որովհետև Բաքուն գիտի՝ միայն կորուստներ է ունենալու»,-ասաց նա։

Անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, քաղաքագետը նշեց, որ ճիշտ շեշտադրումներ էին ընտրված, հատկապես ելույթը լավ էր մշակված արևմտյան պաշտոնյաների համար։

«Բայց երբ Նախագահը ասում է, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, սա ականջին սովորեցնելու միտում ունի, բայց մենք չպետք է պարզապես կրկնենք այս քարոզչությունը։ Պետք է քաղաքագետները, լրագրողները հստակ բաժանում մտցնեն, որ ԼՂՀ-ն առանձին պետություն է»,-ասաց նա։

Ալեքսանդր Մանասյանն ընդգծեց, որ ՀՀ դիվանագիտությունը այսօր շատ անելիքներ ունի, քանի որ աշխարհը դեռ չգիտի, որ Արցախի տարածքը Ադրբեջանինը չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել