Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 27-ի հայտարարությունը թեև ընդհանրացված է։ Այդուամենայնիվ, այն, որ Ադրբեջանին կոչ է արվում հետազոտել միջադեպերը, արդեն իսկ մատնանշում է, թե ով է այս ամենի մեղավորը:

«Սա փոքր, բայց, այնուամենայնիվ, առաջընթաց է»,-նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ինչու են համանախագահներն իրենց հայտարարություններում ու կոչերում չեզոք, բայց, ըստ նրա, կարծես թե սառույցը տեղից շարժվում է:

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն, որ սահմանային միջադեպերը կանխելու համար մոնիտորինգային խումբ ստեղծելու կոչին հայկական կողմը համաձայնություն տվել է, իսկ Ադրբեջանը դեռ ոչ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը կրկին ընդունում է, որ ինքն է այս ամենի մեղավորը: Եթե նա միշտ պնդում է, որ հայկական կողմերն են խախտում հրադադարի ռեժիմը, այդ դեպքում ինչո՞ւ է մերժում այդ առաջարկը: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան եզրակացություններ անի նման պահվածքից»:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում հնչած ելույթներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ հայկական կողմն այստեղ շահեկան դիրքերից է դուրս գալիս, իսկ Ադրբեջանը փորձում է արդարանալ, չի ընդունում նորմալ առաջարկները, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս ողջ ճշմարտությունը:

Վերջում Դավիթ Բաբայանն ավելացրեց, թե ինչքան էլ Ադրբեջանը փորձի այս կամ այն կերպ թյուրիմացության մեջ դնել միջազգային հանրությանը, միևնույն է, որքան խախտի հրադադարի ռեժիմը, այնքան ստանալու է համարժեք պատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել