Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի բացառել, որ կքննարկեն Թուրքիայի և Սիրիայի ընդդիմության առաջարկով Սիրիայի հյուսիսում ոչ թռիչքային գոտու ստեղծման հարցը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet թերթի կայքը, Օլանդը նշել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի՝ գործընկերների տեսակետները ճշտելու, այդ տարածքի սահմանները որոշելու և անվտանգության ապահովման հարցը լուծելու համար։

Նյու Յորքում կայացել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը։

Օլանդը նշել է, որ անվտանգության գոտու ստեղծման դեպքում այդտեղ կարող են տեղակայվել փախստականները, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ՝ այդ շրջանը կարող է լեգիտիմություն ձեռք բերել։

Օլանդը խոսել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասին ու ասել. «Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի հակամարտության լուծման մաս դառնալ են ուզում։ Այդ երկրների հետ աշխատելն անհրաժեշտ է, սակայն նրանց պետք է ասենք, որ խնդրի լուծումն առանց Ասադի պետք է լինի։ Ասադը Սիրիայի խնդիրների աղբյուրն է և լուծման մաս լինել չի կարող»,-ասել է նա։

Ավելի վաղ Դավութօղլուն ասել էր, որ փախստականների ճգնաժամի հաղթահարմանը կնպաստի Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել