Մեր պատմության ու մեր հոգու ցավագին, գաղտնի էջերից են ռուս-թուրք-հայ եռանկյունու մեջ մեր ապրումները... Ռուս կայսրության հոգին չի հաշտվում իր երբեմնի ծայրամասերի ազատության ձգտումների հետ: Եվ երբ տեղը գալիս է, ռուս ու թյուրք կայսերականները իրար լավ էլ հասկանում են՝ ի վնաս անհնազանդ հայ արյան... Եվ որոշում են այն ոթել... Այս տողերը ցավով եմ գրում - սիրտս ցավում է ռուս հոգու անկումների համար, քանզի Թումանյանի ժառանգն եմ և սիրում եմ նրան: Այս թեմային - մի բանաստեղծական արձագանք՝ Շարժման տարիներից, երբ կայսերական զրպարտչական մեքենան ելել էր հայոց դեմ...

ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԻՆ

Նույն մտքին էին սուլթանն ու ցարը,
Դուք եք որոճում նույն միտքը այսօր,
Որ հայից զրկվի հայոց աշխարհը,
Ընդմիշտ վերանա արգելքն այդ հզոր:

Ռուս- թուրքական սիրախաղերը 
Դառնության լեռ են հայոց մեջ ծնել,
Բորբոք պահել մեր ցավն ու ահերը,
Ու մեր արյունի գետերը սնել:

Բայց միշտ արծարծվող հավատով աննենգ
Մեր դատն ենք դրել ռուսաց առաջին,
Քանզի նույն աստծո զավակներն ենք մենք`
Հավատացել ենք մենք նրա խաչին:

Ահա այսօր էլ` արցախյան ժամին,
Երբ կամքը ժայթքեց հայոց խորքերից,
Երբ մայր ու զավակ իրար նայեցին,
Եվ իրար հասնել ըղձացին նորից, –

Երբ հին խոսքերը առնում են նոր գին,
Երբ հին հավատը արծարծվում է դեռ,
Ռուսաց խաչը լռում է կրկին` 
Ձեր մաղձն է խոսում, ո՛վ զրպարտիչներ:

Ինչու եք այդպես խայթերը սրել, 
Ձեր թույն–թանաքին չե՛ք էլ ափսոսում,
Աշխարհը մեծ է – իսպառ չի մեռել`
Ձեր ոհմակին շատ հոգս է սպասում :

Իզուր ժահրահոտ քրտինք եք թափում,
Մեկ է այդ ցավից էլ չեք ազատվի,
Մի սև նախանձ է ձեր ներսը լափում`
Ճորտի նախանձը հանդեպ ազատի:

Թե Ռուսիայի վաղն է ձեզ տանջում,
Որ չկործանվի նա Հռոմի պես,
Բայց բուն Ռուսիան մի բան է տենչում`
Ապրել նորոգված, ապրել առանց ձեզ: –

Նա ով թռչունին նետում է վանդակ,
Իսկ ինքն ուզում է թռչնի թև առնել,
Դառնում է միայն մի քսու պահակ`
Պահակը ե՞րբ է ազատ սավառնել:

Մի սպառնալիք, որ հին է այնքան `
Պահում եք հիմա ձեր լեզվի ծայրին,
Թե` հեզ պահե՛ք ձեզ, թե չէ՛ թուրքական
Սրին կթողնենք ձեր մանուկներին :

Ո՛վ զրպարտիչներ, մենք չենք մոռացել, 
Որ ճգնաժամի արյունոտ պահին 
Մեր նվիրումն իսկ գին չի ունեցել`
Մեզ հեշտ ու հանգիստ տվել են մահին:

Իսկ երբ վերակերտ, ազատ առավել 
Ռուսիան նորից աշխարհին դառնա,
Բիրտ ուժը նրան չի լինի վայել`
Նա ուրիշ, նորոգ կերպար կունենա,

Երբ դաշնակիցներ չի պահի զոռով,
Այլ միայն վճռով սուվերենության,
Այնժամ Ռուսիան խաչ ու խաչվառով
Կնայի հարավ` դեպի Հայաստան:

Այդ օրը սակայն, ո՛վ զրպարտիչներ,
Ռուսիան չի թողնի կանգնեք իրեն մոտ,
Բայց երբ մենք բացենք պատկերները ձեր`
Կխանձի նրան հրեղեն ամոթ...

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

1988

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել